Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ըննդիմադիր դարձած Հանրապետական խմբակցության անդամների կողմից սկսվեց քննադատությունների շքերթ՝ բաժակաճառեր, բարի ցանկություններ, միայն նպատակներ եւ այլն։ Ընդ որում՝ նույնիսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի կերպով մեղադրել էր գրագողության մեջ՝ ասելով, թե նման է նախորդ կառավարությունների ծրագրերին։
Մի մասն էլ մեղադրում էր թվային տվյալների բացակայության, ծրագրերի հերթականություն չունենալու մեջ այն դեպքում, երբ նախորդ կառավարությունների ծրագրերի դրույթներ այդպես էլ մնացել են միայն թղթի վրա եւ կյանքի չեն կոչվել։ Ընդ որում՝ դեռ ՀՀԿ-ի կառավարության ծրագրերում եղել են կետեր եւ դրույթներ, որոնք ժառանգաբար Տիգրան Սարգսյանից փոխանցվել էին Հովիկ Աբրահամյանին, ապա նաեւ Կարեն Կարապետյանին։
Տիգրան Սարգսյանը թերեւս համարվել է ամենաձախողվածներից մեկը, եւ, բնականաբար, նրա ծրագիրն էլ գրեթե չի իրականացվել։ Ընդ որում՝ կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ պայքարի մասին խոստումները կրկնվել են ծրագրից ծրագիր նույն ձեւակերպումներով։ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսում էր մտածելակերպի փոփոխության մասին։ «Վարքագծային կանոնների փոփոխություն, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն եւ դատապարտելի են բոլորի կողմից»,- այն ժամանակ նշել էր Սարգսյանը։
Նրա ղեկավարած կառավարության ծրագրում առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի վերամբարձ խոսքեր էին առկա։ «Առաջին հերթին կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը, երկրորդ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է լինելու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը, երրորդ՝ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը»… սրանք խոսքեր էին հենց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրից։ ՚
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում