Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի զինկոմի որդու գործով տուժողը մեղադրվում է քննիչի նկատմամբ սուտ մատնության մեջ

Հունիս 07,2018 11:26

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ներկայումս ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ,1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու`ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է, գտնվում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Ս. Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդի, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով տուժող է ճանաչվել: 2016թ. փետրվարի 9-ին, ժամը 22-ի սահմաններում Դիլիջանի Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք:

Ս. Միքայելյանը Դավիթ Հակոբյանի դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ նրան նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրում, նրա հետ որեւէ թշնամություն չի ունեցել: 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնել, նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում:

Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ կայացնելով մեղադրական դատավճիռ: Այդ գործը այժմ քննվում է քրեական գործերով վերաքննիչ դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930