Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք պետք է ունենար, սակայն կարծես թե այդքան մոտ թվացող հաջողությունը կրկին հարցականի տակ է։ Թատրոնը պետք է լիներ Գեւորգ Քոչար 21 հասցեում՝ Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում։
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով՝ այս տարվա մայիս ամսից պետք է սկսվեին թատրոնի շինարարական աշխատանքները եւ ավարտվեին 2019 թ. մայիսին։ Շենքի շինարարական աշխատանքների եւ այլ մանրամասների մասին ՀԺ-ն հետաքրքրվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանից։
– Պարոն Դադասյան, 20 տարուց ավելի է՝ բարձրաձայնում եք Մնջախաղի թատրոնի շենքի հարցը, երբ վերջապես մշակույթի նախկին նախարարի կողմից հարցին լուծում պետք է տրվեր, նախարար փոխվեց, կադրային փոփոխություններ եղան։ Ի՞նչ է լինելու հիմա։
– Խնդիրներ են առաջացել, որոնք հիմա ընթացքի մեջ են։ Այդ խնդիրները լուծելուց հետո նոր հնարավոր կլինի շինարարական մրցույթ հայտարարել։ Խնդիրն այն է, որ այգու կողմից պետք է նոր մուտք բացվի եւ ըստ էության այնտեղ էլ հողահատկացում արվի, իսկ այդ տարածքում կան հարեւաններ, որոնք այդ հողի վրա սեփականություն ունեն։ Նույնիսկ այն խոտածածկույթը, որ կա շենքի դիմաց, չգիտես ինչի, դարձել է իրենց սեփականությունը, որը շատ զարմանայի է, շենքից 4 մետր հեռավորության վրայի հողն էլ է իրենց պատկանում։ Մեր նախագիծը մի մասով հայտնվել է այդ հողի վրա։ Այդտեղից էլ խնդիր է առաջացել, որ պիտի նոր պրոյեկտ արվի, իսկ այդ դեպքում մեր նախագծով ավելի շատ տարածք ենք զբաղեցնում։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի. կամ շինարարություն չի ընթանա, կամ էլ այլ լուծումներ պետք է գտնել։ Նախագիծը ավարտված է, բայց խնդիրը հողի հարցն է, որը պետք է համաձայնեցվի նաեւ քաղաքապետարանում։
– Նախարարությունն ինչքա՞ն գումար էր խոստացել տրամադրել շենքի կառուցապատման համար։
– Ես կարող եմ ասել այն, ինչ ասել էր նախկին նախարար Արմեն Ամիրյանը. այս տարի պետք է տրամադրվի 60 միլիոն դրամ, որպեսզի անցկացվի մրցույթ եւ կատարվեն շինարարական աշխատանքներ։ Իսկ հաջորդ՝ 2019 թ. բյուջեով նախատեսված էր եւս 200 միլիոն դրամ, որպեսզի ավարտին հասցվի շինարարությունը։ Բայց մի քիչ անորոշ վիճակ է, ես նույնիսկ փորձ էի արել հանդիպել քաղաքապետի հետ, որպեսզի քննարկեինք խնդիրը, ինձ տեղեկացրին, որ քաղաքապետը խնդրից տեղյակ է։ Քանի որ վերջին շրջանում փոփոխություններ տեղի ունեցան, հանդիպումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տեղի չունեցավ։ Հիմա մտածում եմ, որ ավելի լավ է թողնել պետական մակարդակով խնդիրները լուծվեն։ Հույս ունեմ, որ մեր հասանելիքը, այսինքն, Մնջախաղի թատրոնի շենքը, որը պետք է ունենայինք օրենքով, մեզ կտրամադրեն՝ առանց մասնավոր միջամտությունների։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում