Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ չափազանց մեծածավալ է եւ չափազանց շատ են կոնկրետ մանրամասները. «Հայկական ժամանակ»

Հունիս 07,2018 11:01

Այսօր ՀՀ Ազգային ժողովը կքննարկի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեւավորված կառավարության ծրագիրը։ Դժվար չէ կանխատեսել, որ ՀՀԿ խմբակցությունը, որը երեկ դարձավ խորհրդարանական փոքրամասնություն, սկսելու է քննադատել ծրագիրը։ Ու պետք է նշել, որ այդ քննադատությունը կլինի տեղին։ Կառավարության ծրագիրը խիստ խոցելի է:

Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավարությանը, որ իր ծրագրում որեւէ կոնկրետ ցուցանիշ չկա։ Կառավարությունը իր ծրագրում չի նշել, թե որքան կկազմի տնտեսական աճը, որքանով կաճի, ասենք, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, որքանով կնվազի աղքատությունը եւ այլն, եւ այսպես շարունակ։ Կասեն, որ սա կենացներից բաղկացած ծրագիր է, բարի ցանկություններ են…։

Բայց իրականում կառավարության ծրագրի խոցելիությունը ամենեւին էլ դրանում չէ։ Ծրագիրը կազմված է ընդամենը մի 30 էջից։ Համեմատության համար ասենք, որ նախորդ կառավարության ծրագիրը մոտ 130 էջ էր։ Ու թվում է, թե ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ փոքրածավալ է, չունի կոնկրետություն, չկան հստակ ցուցանիշներ…։ Իրականում հակառակը: Ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ չափազանց մեծածավալ է եւ չափազանց շատ են կոնկրետ մանրամասները։

Հայաստանում երբեք չի եղել այս պայմաններում ձեւավորված կառավարություն, եւ որեւէ կառավարություն չի ունեցել այն խնդիրները, որ ունի գործող կառավարությունը։ Կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր միայն ու բացառապես հեղափոխության արդյունքների ամրագրումը արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ սոցիալ- տնտեսական կյանքի զարգացման տեսլականները պետք է նկարագրվեին հենց հեղափոխության արդյունքների տեսանկյունից։

Այն, որ կառավարության ծրագրում արձանագրված է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա հիմնական դրույթն է եւ հենց դրա շուրջ էլ պետք է կառուցվեր ծրագրի տրամաբանությունը։ Այսինքն, եթե կառավարության ծրագիրը կազմված լիներ այս մեկ նախադասությունից եւ դրան ավելացվեր, որ կառավարության գործունեությունը ուղղված է լինելու այդ արտահերթ ընտրությունների լիակատար ազատ, թափանցիկ, առանց ընտրակաշառքների, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, առանց բռնությունների անցկացման համար պայմաններ ստեղծելուն, վերջ՝ կառավարության ծրագիրը կլիներ կատարյալ եւ անխոցելի։

Ծրագիրը կլիներ անխոցելի, եթե, օրինակ, տնտեսության զարգացմանը վերաբերվող հատվածում գրված լիներ միայն, որ կառավարությունը իր գործունեությունը ուղղելու է արհեստական մենաշնորհների վերացմանը, իրական մրցակցության հաստատմանը, ստվերի դեմ անողոք պայքարին, կոռուպցիայի հաղթահարմանը։ Հարցին, թե ինչպես, կա պարզ ու նույնքան անխոցելի պատասխան՝ քաղաքական կամքի շնորհիվ։ Ոչ մի տրամաբանող քաղաքացու մեջ այս պատասխանը որեւէ վերապահում չի առաջացնի։ Սա հենց այն է, ինչը ըստ էության սպասում է մեր հանրությունը գործող կառավարությունից:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930