Արցախում նախօրեին տեղի է ունեցել, ըստ էության, թավշյա իշխանափոխություն: Հայտնի իրադարձություններից հետո միանգամից հրաժարական են ներկայացրել ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, նրա տեղակալը, նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ ամենը օրեր շարունակ Ստեփանակերտում ծավալված բողոքի ցույցերի արդյունքն է, որոնք սկսվել էին կենցաղային միջադեպից: Արցախի իշխանության առաջին դեմքը մնացել է անփոփոխ՝ Բակո Սահակյանը, սակայն ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ոչ այլ ինչ, քան թավշյա իշխանափոխություն, քանի որ հրաժարականները և պաշտոնանկությունները պարզապես այդպիսին չեն ֆորմալ առումով, դրանք հանրային ակտիվ գործընթացների արդյունք են:
Պարզապես Արցախում տեղի ունեցածը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե թավշյա հեղափոխություն է, այլ թավշյա իշխանափոխություն վերևից՝ ներքևի պահանջով: Ընդ որում՝ այս իրողությունը թերևս լավագույն տարբերակն է Արցախի համար, նկատի ունենալով այն առանձնահատկությունները, որ թելադրվում են ռազմաքաղաքական իրավիճակով և չավարտված պատերազմի հանգամանքով, որ առավել սուր առկա է Արցախի դեպքում: Միևնույն ժամանակ, ոչ պակաս սուր էր նաև փոփոխությունների անհրաժեշտությունը ներքին կյանքում, ինչի մասին է վկայում հենց այն, որ կենցաղային միջադեպը դարձավ լայն բողոքի ակցիաների առիթ:
Ասել, թե այդ ամենը հնարավոր էր դատարկ տեղից, կլինի միամտություն: Ոչինչ չէր ստացվի, եթե Արցախի հանրության մի մեծ մասի մոտ չլիներ փոփոխությունների պահանջ, չլիներ կյանքի վերափոխման հրամայական, եթե մարդիկ դժգոհ չլինեին իրավիճակից, իշխանության արդյունավետությունից: Այդպիսով, ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել առողջ գործընթաց, առողջ ձևով: Իհարկե, ցանկացած դեպքում հնարավոր է գտնել բծեր, դա անխուսափելի է, աշխարհում չի լինում հրեշտակների քաղաքականություն: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության միանգամայն ողջախոհ չեզոքության, միաժամանակ պատասխանատու աչալրջության պայմաններում Արցախի իշխանությունն ու հանրությունը եկել են աննախադեպ համաձայնությունների, և սկսվել է գործընթաց՝ կարևոր ու պատասխանատու:
Արամ Ամատւնի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում