Նոր Հայաստանում որոշ գերատեսչության պաշտոնյաներ նախկին իշխանության թողտվության իներցիայով են շարունակում աշխատել: Մասնավորապես, պաշտպանության նախարարության ենթակայության ծառայողական մեքենան աշխատանքային օրով եւ աշխատանքային ժամին «Դալմա մոլի» կայանատեղիում հարմար տեղավորվում էր. երեւի գնումները երկար էին տեւելու:
Պարզ չէ՝ տվյալ պաշտոնյային սպասարկող այդ մեքենան
«շեֆի» ընտանիքի անձնական գնումների համա՞ր էր մոլում հայտնվել, թե՞, ասենք, ՊՆ-ի համար շատ կարեւոր ու գուցե «գաղտնի» գնում անելու համար:
Վերջերս նոր կառավարությունը հայտարարություններ է անում ծառայողական մեքենաները կրճատելու, դրանք անձնական նպատակներով օգտագործելը բացառելու մասին: Թե ո՞նց են վերահսկելու՝ տվյալ պաշտոնյան ծառայողական մեքենայով տո՞ւն գնաց, թե՞ ճանապարհից շեղվեց ու, ասենք, հյուր գնաց՝ առայժմ պարզ չէ:
Բայց գուցե վարչապետ Փաշինյանը մի հատ «լայվ» մտնի ու հորդորի՝ պետական գույքն ու միջոցները չծառայեցնել անձնական նպատակներով:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
06.06.2018