Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հզոր Հայաստանը նշանակում է հզոր Վրաստան, հզոր Վրաստանը՝ հզոր Հայաստան»

Հունիս 07,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը՝
ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն

Հայաստան-Վրաստան հարաբերությունները միջպետական ռազմավարական մակարդակի հասցնելու էական խոչընդոտներ կարծես թե չկան: Տարիներ շարունակ վրացի պաշտոնյաների՝ Երեւան կատարած այցերի եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թբիլիսի կատարած այցերի ժամանակ հնչում է այս միտքը՝ Հայաստան-Վրաստան հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Սա, իհարկե, դրական արձանագրում է, այն հնչեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, սակայն առավել կարեւոր է հարցը՝ նոր կառավարությունն ի՞նչ է ավելացնելու եղածին:

Մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել էր Նիկոլ Փաշինյանի եւ Գեորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներն անդրադարձել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Վրաստանի վարչապետն ընդգծել էր, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին. «Մենք մեծ ուշադրությամբ էինք հետեւում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու եւ առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»: ՀՀ վարչապետն իր հերթին նշել էր. «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման: Նա նաեւ նշել էր, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:

Հայտնի է, որ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ն. Փաշինյանը եւ Գ. Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը: Ծրագրերի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարեւորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին եւ այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:

Հայ-վրացական հարաբերություններում «կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ»

Առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետները հանդես էին եկել ԶԼՄ-ների առջեւ եւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններ արել: Կվիրիկաշվիլին հավաստիացրել էր պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում. «Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով»: Վրաստանի վարչապետը հայտնել էր, որ քննարկել են նաեւ երկու երկրների գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ կարեւորել են տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր: Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, եւ կողմերը համաձայնության են եկել այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը:

Փաշինյանը ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ եւ առանձնահատուկ նշանակություն. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտում, եւ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում»: ՀՀ վարչապետը նշել էր, որ Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր, եւ ՀՀ-ն ակտիվորեն կաշխատի այդ նախագծերը ժամանակին եւ բարձր որակով իրագործելու համար: «Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետեւ ամենակարեւոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը եւ ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության եւ բարեկամության մթնոլորտում քննարկելու բոլոր հարցերը, եւ մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը եւ տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը եւ անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ եւ մեծ էներգիա հաղորդելու մեր երկկողմ հարաբերություններին եւ այդ հարաբերությունները խորացնելու բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում»: Ն. Փաշինյանն ընդգծել էր, որ՝ «եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու եւ կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորություն ստեղծելու համար», ապա համոզմունք հայտնել, որ հայ-վրացական հարաբերություններում «կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ, եւ այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի շահերից, որովհետեւ մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից եւ սպասարկել մեր ազգային շահերը»: Ն. Փաշինյանը նույն օրն առանձնազրույց էր ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Մարգվելաշվիլին նշել էր, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը. «Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն»:

«Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է»,- շեշտեց Կվիրիկաշվիլին

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Այնուհետեւ Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում ներկա էին գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը, որին մասնակցել էին նաեւ երկու երկրների կառավարությունների անդամները, խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Վարչապետ Կվիրիկաշվիլին, շնորհավորելով հայ ժողովրդին, նշել էր. «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան: Հայաստանի զարգացումը եւ կայունությունը խիստ կարեւոր են մեր երկրի համար ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում: Կարծում եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջեւ գործընկերության եւ բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույց է: Մեկ անգամ եւս ցանկանում եմ հավաստիացնել, որ Վրաստանի կառավարությունը, անձամբ ես պատրաստ ենք արգասաբեր համագործակցության: Հայաստանի վարչապետն այսօր այցելեց Թբիլիսիի հայկական եկեղեցի, պանթեոն, վաղը կլինի Հովհաննես Թումանյանի տուն գիտական-մշակութային կենտրոնում: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ եւ վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է»:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մայիսի 31-ին հյուրընկալվել էր Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին, որը վստահություն էր հայտնել, որ Փաշինյանի այցը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը. «Վրաց եւ հայ ժողովուրդներն ունեն եղբայրական եւ բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաեւ Վրաստանի համար, ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ, եւ այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը»:

Նույն օրը Փաշինյանը հանդիպել էր վրացի եւ հայ գործարարների հետ, նրանց էր ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ընդհանուր առմամբ բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, եւ կարեւորել էր հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը՝ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

«Շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի համար»

Վրաստան կատարած այցի ավարտին ՀՀ վարչապետը այցելել էր Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան, որտեղ հանդիպումների ընթացքում նա անդրադարձել էր վրաստանյան բանակցությունների արդյունքներին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, որի ելույթը գրեթե ամեն նախադասությունից հետո ընդունվում էր բուռն ծափահարություններով:

Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Ջանելիձեն հայտնել էր, որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը, եւ որ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանի զարգացմանը: «Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար, եւ ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարեւան բարեկամ պետությունների հարաբերությունները: Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարեւան Հայաստանը եւս՝ պարոն Փաշինյանի ղեկավարությամբ, կառուցում է ժամանակակից Հայաստան, եւ մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան եւ Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի եւ ի բարօրություն երկու երկրների»,- ասել էր Ջանելիձեն՝ հավելելով. «Հզոր Հայաստանը նշանակում է հզոր Վրաստան, հզոր Վրաստանը՝ հզոր Հայաստան»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 06.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930