Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր է գտնել «կանգառի» կետը

Հունիս 07,2018 10:10

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ (կայուն վիճակ հաստատելու-Ա. Ա.) գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»: Ահա այն հիմնական ուղերձները, որոնք հղել է Հայաստանի առաջին նախագահը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Դա, ի դեպ, հատուկ է Տեր-Պետրոսյանին՝ վեր կանգնել անձնական եւ քաղաքական տարաձայնություններից, երբ խոսքը պետության անվտանգության մասին է:

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կոչ արեց դադարեցնել ակցիաները՝ ճիշտ է, որքան հասկացա նրա տեսաուղերձից, նա հակված չէր մտածել, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին: Երկու նախկին նախագահները, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին նախագահը, համենայնդեպս՝ հրապարակավ, իրենց կարծիքը չեն հայտնել արցախյան իրադարձությունների մասին (Սամվել Բաբայանից որեւէ բան սպասելն այս պարագայում արդար չէ): Ռադիկալ «ֆեյսբուքահայերը» խստորեն դատապարտեցին առաջին նախագահի մոտեցումը՝ պնդելով, որ հայ ազգի լիակատար երջանկության համար անհրաժեշտ է նաեւ Արցախում իշխանությունից հեռացնել «թալանչիներին», եւ դա մի քիչ նման է բոլշեւիկյան քարոզչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ցանկացած հեղափոխության համար, ինձ թվում է, կարեւոր է ժամանակին կանգ առնել, որպեսզի շղթայական ռեակցիա եւ անիշխանություն չառաջանա: Բերեմ պարզ օրինակ այլ բնագավառից: Եթե կարելի է հասնել ռեկտորի հրաժարականի նրա առանձնասենյակի դռան մոտ պառկելով, ապա կարելի է պառկել նաեւ դեկանի դռան մոտ, եթե նա նկատողություն անի անհարգելի բացակայությունների համար, իսկ այնուհետեւ՝ դասախոսի դռան առաջ, երբ նա «երկու» նշանակի: Եվ եթե այդ «քաղաքացիական պայքարը» հաջողությամբ պսակվի, ապա կարելի է դասի չգնալ, քննությունների չպատրաստվել կամ դասի գնալ եւ լսարանում ոտքերը դնել սեղանին ու ծխել:

…Հիմա Արցախի առանցքային պաշտոնյաների հրաժարականն ուժեղացրե՞լ է հանրապետության պաշտպանունակությունը, թե՞ թուլացրել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լեւոն Տէր Պետրոսեանի՝ ժամանակ առ ժամանակ խորհուրդներով հանդէս գալն անշուշտ ողջունելի է, բայց փաստ է նաեւ, որ ԱՀ ԱԱԾ պետն ու ոստիկանապետը հրաժարական են տուել, եւ (Արցախ) աշխարհը դրանից շուռ չի եկել:

    Ձեր խմբագրականներում դուք մեծ տեղ էք տալիս «ֆեյսբուքահայութեան» կարծիքին ու ներկայիս իրադարձութիւնները յաճախ համեմատում էք բոլշեւիկեան յեղափոխութեան հետ: Իմ համեստ կարծիքով՝ այս փուլը պիտի անցնենք: Ֆեյսբուքում լուրջ բանավէճ չկայ եւ չի էլ կարող լինել, ուստի մեծ կարեւորութիւն չտանք «ֆեյսբուքեան լաչառութիւններին», առաւել եւս, որ այդ հարթակը համայն հայութեան մեծամասնական ձայնը չէ: Լուրջ պետութիւնները ֆեյսբուքում չեն կառուցւում՝ «մատից հոտ քաշովի» գրառումների ու ուղիղ եթերների միջոցով: Ինչ վերաբերում է բոլշեւիկներին. այո, դա պատմութիւն է, դա նաեւ մե՛ր պատմութիւնն է եւ պէտք է ուսումնասիրել: Բայց արդէն 100 տարի (4 սերունդ) է անցել այդ չարաբաստիկ յեղափոխութիւնից եւ կամաց-կամաց, հանրային (եւ ոչ պատմագիտական մակարդակով) պէտք է մոռանանք տխրահռչակ ձերժինսկիներին եւ միւս բոլշեւիկներին:

    Արամ Սիմոնեանի կառավարումից ես էլ եմ դժգոհ, որովհետեւ այդ տարիներին սովորել եմ նրա ծայրէծայր հանրապետականացուած ԵՊՀում: Նրա հրաժարականը ճիշտ է: Բայց այդ հրաժարականին ձեւ կայ. ոչ այնպէս, ինչպէս այդ երիտասարդները սարքեցին ու մարդը հիմա հիւանդանոցում է: Քաջ առողջութիւն ու շուտափոյթ ապաքինում մաղթենք նրան (ի դէ՜պ, լուր չկայ նրանից: Լրատուամիջոցնե՜ր, խնդրում եմ գնացէք տեսէք՝ էդ մարդը ո՞նց է):

    Նոյն կերպ իմ ցանկութիւնն է, որ Գարեգին Բ-ն հեռանայ: Կաթողիկոսի հրաժարականը արտառոց բան է հայոց պատմութեան մէջ: Հիմա ասենք «յեղափոխութիւնը վերջ պիտի ունենա՞յ», թէ՞ շարունակենք մաքրազարդումը: Չեմ ասում, թէ գնանք Մայր տաճարի առաջ պառկենք մինչեւ հեռանայ, բայց քաղաքակիրթ ձեւով պիտի հասկացնենք, որ նրա եւ իր մերձաւոր շրջապատի մնալը աղէտ է այս եկեղեցու համար:

    Եւ վերջում՝ իմ ու «Առաւօտի» յաւերժական հակասութիւնը (hahahaha 🙂 ). Ձեր գրած համատեքստում հայերէնում ռադիկալ բառ չկայ: Դրան վաղո՜ւց ասում ենք ԱՐՄԱՏԱԿԱՆ (լատ. radix – ԱՐՄԱՏ բառից): Հայերէնում ռադիկալ բառ ունենք քիմիայում: Դրանք արտաքին վալենտական շերտում կենտ էլեկտրոններ ունեցող մասնիկներն են (free radicals etc.):

    Հաճելի օր բոլորիդ,,

  2. Ruben says:

    Ինքնախաբեություն:

    Ի՞նչ ԼՂՀ ԱԱԾ, ի՞նչ ԼՂՀ Ոստիկանություն, ի՞նչ ԼՂՀ բանակ…
    Ժողովրդի ականջին փաթաթած «օրիորդապնդիչ» Լեւոն Տ-Պետրոսյանի «լափշան» դարձրել եք ելքի երկարակլորախմորածակ:

    ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ բանակը իջեցրիք հատակապատաճեղքափայտից ցած:

  3. մարդամեկ says:

    Եթե կարելի է հասնել ռեկտորի հրաժարականի նրա առանձնասենյակի դռան մոտ պառկելով, ապա կարելի է պառկել նաեւ դեկանի դռան մոտ, եթե նա նկատողություն անի անհարգելի բացակայությունների համար, իսկ այնուհետեւ՝ դասախոսի դռան առաջ, երբ նա «երկու» նշանակի: Եվ եթե այդ հաջողությամբ պսակվի, ապա կարելի է դասի չգնալ, քննությունների չպատրաստվել կամ դասի գնալ եւ լսարանում ոտքերը դնել սեղանին ու ծխել:

    Ձեր մոտեցումը շատ հին է , նորովի պետք է մտածել. Ձեր ասածով եղավ 1989-1990 թվերին երբ խիստ եվ հանճարեղ բազմամիա փորձ ունեցոր դասախոսները մերժվեցին ուսանողների քվեարկության արդյունքում ,քանի որ այն ժամանակ էլ քվեարկությունն էր նորույթ եվ ուսանողների մեծամասնությունը ցանկանում էր հեշտությամբ հեռացնել այդպիսի դասախոսներին եվ անցնել քննությունները առանց պարապելու.

  4. Հ.Շ. says:

    Պարզ է թէ, չդիմանալով իրենց դիմագրաւած իւրայատուկ դժուարութիւններին, Հայաստանի – եւ ա՛լ աւելի Արցախի – հայերի մի մասը այժմ կը գտնուին հաւաքական ինքնասնապութեան տրամաբանութեան մը մէջ: Արդէն կեանք չունէինք, արդէն բան չկար, արդէն երկիրը երկիր չէ, ուրեմն եալլա, ամէն ինչ քանդենք, որեւէ, նուազագոյն իսկ հեղինակութիւն՝ ոչնչացնենք, դեհ, յետոյ կը տեսնենք ինչ է լինելու կամ չլինելու, ինչ փոյթ, ասան-անանկ արդէն բան չունինք կորսնցնելիք…

    Արցախի մասնայատուկ պարագային, փողոցի իրարանցումը կարգին յիմարութիւն է: Ներեցէք ասեմ՝ աւանակութիւն է: Արցախցիները թերեւս շնորհիւ իրենց այս առիթով ցուցաբերած խելքի պակասի շնորհիւ է որ նաեւ յաջողեցան դիմադրել եւ յաղթել թուրքերուն, սակայն այս պահին, այդ տիպական – ձեւով մը, համակրելի… – անխելքութիւնը, առաջին հերթին իրենց է որ կը վնասէ:

    Իրենց կատարածը նաեւ շփացածութիւն է: Մնացեալ համայն հայութիւնը մեր բոլոր հնարաւորութիւնները առաջնահերթ կերպով տրամադրում ենք իրենց, եւ իրենք իրենց ձեռքով ուզում են քանդել եղա՞ծը… Ամօ՛թ: Շատ յուսախաբուած եմ:

    (Առաջին Նախագահին հետ, երեսուն տարիների ընթացքին, միայն երկու անգամ համաձայն եղած եմ: Ապրիլ 2016ի պատերազմի յաջորդող իր կեցուածքին համար, մեյ մըն ալ վերեւի Խմբագրականում նշուած միջամտութեան նկատմամբ: )

  5. Մարգար Մախսուդյան says:

    Համամիտ եմ այն մտքին, որ ՛՛ Տեր-Պետրոսյանին հատուկ է՝ վեր կանգնել անձնական եւ քաղաքական տարաձայնություններից, երբ խոսքը պետության անվտանգության մասին է՛՛, ասեմ ավելին՝ 2007–ից իվեր նրա կատարած քաղաքագիտական վերլուծությունները այս կամ այն կերպ նպաստել են մեր հասարակության հասունացմանը, ընդհուպ մինչև հեղափոխություն, սակայն պետք է ասեմ, որ տվյալ հայտարարությունը ինձ մոտ պարզապես տարակուսանք առաջացրեց: Դա ասես խուճապի մատնված և իրավիճակը լավ չպատկերացնող մարդու հայտարարություն էր, որին անվերապահ հետևելու դեպքում կարող էր էլ ավելի խառնաշփոթ ստեղծվել: Բավական է միայն փորձել պատկերացնել այն հոգեվիճակակը, որում հայտնվել են Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, էլ չեմ ասեւմ Ս. Բաբայանի կարգավիճակի մասին, որը գտնվում է անազատության մեջ, և նրա կարգավիճակը գտնվում է դատական իշխանության տիրույթում:
    Ի պատիվ Փաշինյանի, նա իր մի շատ կարճ, սակայն հստակ լուծումներ պարունակող ուղերձով ոչ միայն լիցքաթափեց իրավիճակը, ուղի ցույց տվեց նման իրավիճակում չհայտնվելու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930