Լրահոս
Օրվա լրահոսը

2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող

Հունիս 07,2018 09:52

2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտ ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն:

2181 հայտարարագրի և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առևտրային կազմակերպությունների տվյալներ:

Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող: Նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:

Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել:

Նշված պայմանագրերում թեև բացակայել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստորագրությունները, այդուհանդերձ, մրցույթների իրականացման և հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չպետք է բացառել ինչպես հորիզոնական, գործընկերային հարաբերությունների, այնպես էլ՝ վերադասի լիազորությունների իրացման միջոցով: Այդ մասին են վկայում ընդհանուր օրինաչափությունից շեղումները:

Այսպես, պայմանագրերից 469-ը՝ 66%-ը, կնքվել է առանց հայտարարության՝ բանակցային ընթացակարգի շրջանակներում: Համադրելով այս ցուցանիշը 2016-2017թթ. կայացած գնումներում նշված ընթացակարգին բաժին ընկնող միջին ցուցանիշի հետ (շուրջ 12%)՝ բացահայտվել է էական տարամիտում, ինչն օրինաչափ չէ և վկայում է շահերի բախման ռիսկերի մասին: Ընդ որում, մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներին 709 պայմանագրերից բաժին է ընկել 96-ը (13.5%) (փաստաթղթերը հաճախ չեն հրապարակվել):

Նույն կերպ, եթե 2016-2017թթ. կայացած գնումների ամբողջ ծավալի շուրջ 49%-ն է բաժին ընկնում այդ ընթացակարգին, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.8%: Հարկ է նշել, որ «Գնանշման հարցում» ընթացակարգը ենթադրում է գնային առաջարկների մրցակցության և ծախսային արդյունավետության ավելի բարձր մակարդակ:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ շահերի բախման գործող օրենսդրական կարգավորումները նեղ են և լիարժեք չեն արտացոլում իրական ռիսկերը: Արդյունքում, բազմաթիվ իրավիճակներ չեն նույնականացվում որպես շահերի բախում և որևէ իրավական հետևանք չեն առաջացնում:

Սույն թվականի հունիսի 5-ին ուսումնասիրության արդյունքները քննարկվել են շահագրգիռ պետական մարմինների և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ՀՀ կառավարություն կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ՝ միտված քաղաքական և գործարար շահերի գործնական տարանջատվածության ապահովմանը:

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930