Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր առավոտյան վերադառնում է Հայաստան և ժամը 14։30-ին Լոռու մարզպետարանում անցկացնելու է խորհրդակցություն՝ ս/թ հունիսի 6-ին Սպիտակ քաղաքի մոտ գրանցված երկրաշարժի վերաբերյալ։
Ավելի վաղ արձագանքելով ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժի և դրա հետցնցումների վերաբերյալ սոցիալական ցանցերում քաղաքացիների հնչեցրած հարցերին՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանն ուղերձ էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր.
«Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24-ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։
ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։
Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ՀՀ ԱԻ նախարարությունը, հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների, շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը»:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն