Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանում Առողջապահության ազգային ինստիտուտը պետք է հզորացնել

Հունիս 07,2018 14:00

Այս կարծիքին է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարծում է, որ իր ղեկավարած կառույցը պետք է փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած իրողությունները:

Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել էր պարոն Բազարչյանին խորհրդականի, հետագայում փոխնախարարի պաշտոն, սակայն ինստիտուտի աշխատակազմը ընդվզել էր, չէր ցանկանում, այսպես ասած, բաց թողնել իրենց տնօրենին: Ներկայումս պարոն Բազարչյանը շարունակում է աշխատել այդ պաշտոնում:

«Առավոտը» պարզաբանում խնդրեց պարոն Բազարչյանից, մասնավորապես նախարարի հնչեցրած կարծիքի վերաբերյալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտի վերաբերյալ ասել էր՝ «պրակտիկորեն չաշխատող ինստիտուտ»:

Նման կարծիք ունենալու հիմքը գուցե նախարարի ունեցած որոշ տեղեկություններն են, սակայն Բազարչյանը մեկ առ մեկ ներկայացրեց, թե ինստիտուտն առողջապահության համակարգում ինչ գործառույթ է իրականացնում:

Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Իրականում մարտահրավերները փոխվել են, եւ այսօրվա Հայաստանը տարբերվում է մայիսի 8-ից առաջ մեր ունեցած Հայաստանից: Առողջապահության ոլորտում գուցե մարտահրավերները որոշակի փոփոխվել են: Անշուշտ, ելնելով այս ամենից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի գործառույթները պետք է փոխվեն, ավելի արդիականացվեն եւ նոր պահանջներին համահունչ իրականացվեն: Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե առողջապահության ոլորտում հետագայում ինչ փոփոխություններ, ինչ քաղաքականություն ու ծրագրեր են իրականացվելու, եւ ըստ այդմ էլ փորձենք վերակառուցել մեր ինստիտուտի աշխատանքը: Ոլորտում ինչ նոր մոդելներ են կիրառվելու, ըստ դրա էլ որոշակի փոփոխություններ իրականացվեն, որպեսզի այսօրվա պահանջներին համահունչ կարողանանք աջակցել նախատեսվող փոփոխությունների իրականացմանը, ստեղծենք հող եւ հնարավորություն, հետազոտական դաշտ»: Պարոն Բազարչյանն ասաց, որ Առողջապահության ազգային ինստիտուտը վաղուց զբաղվում է վիճակագրությամբ, համապետական հետազոտություններ է իրականացնում, ապա տեղեկատվություն տրամադրում առողջապահական ծառությունների, հանրային առողջության մասին: Նոր իրողությունների, նոր կառավարության եւ, ենթադրվում է, նոր ներդրվող առողջապահական ծրագրերին զուգահեռ՝ այս ինստիտուտի կարողություններն ու գոծառույթներն էլ գուցե հարկավոր է «ձեւել» եւ «հարմարեցնել» դրանց: Բայց, Բազարչյանը նկատեց՝ կարեւոր է պատկերացնել, թե այդ ամենը ինչպես են իրականացնելու կամ կոնկրետ ինչ են իրականացնելու. «Պետք է հասկանանք՝ ո՞ր հզորություններն ենք ավելացնելու, զարգացնելու, ո՞ր հզորությունների կարիքը չկա: Այս ամենը կախված է առողջապահության ոլորտի քաղաքականությունից»:

Մեր հարցին՝ արդյոք արդեն պատկերացում կա՞, թե ինստիտուտի գործառույթներն ինչպես են փոփոխվելու, որպեսզի «չաշխատողից» դառնա աշխատող եւ հատկապես արդյունավետ աշխատող, Բազարչյանը պատասխանեց. «Իհարկե, կան: Նախ՝ մեր հիմնական մոտեցումներն են՝ առողջապահությունը պետք է լինի մարդակենտրոն, պետք է լինի սոցիալական: Առողջապահությունը պետք է հիմնված լինի ժամանակակից եւ թարմ տեղեկատվության, վիճակագրության վրա: Այս ամենն ինձ համար պարզ է, եւ ես համոզված եմ, որ մեր հզորացումը այս կետերով պետք է լինի»: Ապա Բազարչյանը մանրամասնում է՝ ասենք՝ ուռուցքաբանության ոլորտում, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կամ ճանապարհատրանսպորտային պատահարներից տրավմատիզմի ոլորտում, ծխախոտի դեմ պայքարի, առողջապահական ծառայությունների եւ բժշկական սպասարկման, բուժհաստատությունների արդիականացման եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը պետք է հիմնված լինեն իր նշած կետերի վրա, իսկ ինստիտուտի հզորացումը պետք է լինի այդ ծրագրերի ուղղությամբ:
Բազարչյանն ասաց, որ հարկավոր է նաեւ ինստիտուտի կրթական, գիտաուսումնական բաղադրիչը հզորացնել, որն ուղղված կլինի առաջնային օղակի բժիշկների վերապատրաստման եւ ծառայությունների կարողությունների հզորացմանը:

Գուցե արդարացված է կարծիքը, որ ինստիտուտը «չաշխատող է», քանի որ նոր կառավարության վերջին բացահայտումներից պարզ դարձան, որ պետական որոշ կառույցներ անարդյունավետ են աշխատել: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Բազարչյանը թվարկեց, թե ինստիտուտն ինչ աշխատանքներ է կատարել:
«Վերջին տարիներին մենք բազմաթիվ հետազոտություններ ենք իրականացրել: Օրինակ՝ ժողովրդագրական եւ առողջապահական հետազոտությունը, որը Ազգային վիճակագրական ծառայության հետ իրականացվեց: Հետազոտվել է ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների տարածվածությունը: Սա վերաբերում է՝ սկսած խոլեստերինի, շաքարի, գլյուկոզի պարունակությունից, վերջացրած ալկոհոլի, ծխախոտի, ավելցուկային քաշի, զարկերակային գերճնշման, աղի օգտագործման հետ կապված խնդիրներին: Սրանք համապետական եւ շատ կարեւոր հետազոտություններ էին, որոնք հանրային առողջության պատկերն էին արտացոլում, հետեւաբար այս հետազոտությունից բխող կանխարգելիչ քայլերի համար հիմք հանդիսանում»,- ասաց Բազարչյանը: Նա նաեւ նշեց, որ առողջապահության արդյունավետության գնահատման ոլորտում ինստիտուտը մեծ աշխատանք է կատարել՝ պարբերաբար զեկույցներ ներկայացնելով. «Լուրջ հետազոտություն ենք արել առողջապահական ազգային հաշիվների համակարգի ներդրման գործում: Սրանք իրականացվել են մեր հիմնական գործընկեր առողջապահական համաշխարհային կազմակերպության եւ եվրոպական գրասենյակի հետ համատեղ կամ մեթոդական աջակցությամբ»:
Նախարար Արսեն Թորոսյանը ինստիտուտի մասին նաեւ ասել էր. «Անհասկանալի էր, թե ինչով են զբաղվել, չեն ուզում «ստատուս քվոն» փոխել, առավոտյան ժամը 10-ին գալիս են, ժամը 3-ին գնում»:

«Առավոտը» պարոն Թորոսյանի այս հայտարարության մասին էլ պարզաբանում խնդրեց Բազարչյանից: «Չգիտեմ՝ նախարարն ինչո՞ւ է նման կարծիք կազմել, բայց մեզ մոտ կան կես դրույքով աշխատողներ, կան ծառայության մատուցման պայմանագրով աշխատողներ, որոնք տարբեր ծրագրերի իրականացման շրջանակներում են աշխատում: Իրենք կարող են գալ եւ գնալ տարբեր ժամերի: Մեզ մոտ կան դասավանդողներ, որոնք գալիս են, ուսումնական գործընթացն իրականացնում են ու գնում, նրանք մինչեւ օրվա վերջ չեն մնում տարածքում, եւ պայմանագրով նման պահանջ չկա: Կան դասախոսներ, որոնք, բնականաբար, գալիս են տարբեր դասաժամերի: Մենք պետք է հաշվի առնենք, որ լավ կադր պահելու համար հնարավորություն չունենք պահել մի տեղում ու տալ այնպիսի աշխատավարձ, որով կկարողանան արժանապատիվ աշխատել ու ապրել: Պետք է թույլ տանք աշխատանքը համատեղեն, ուստի ունենք համատեղող աշխատողներ: Մենք Բժշկական, Ֆրանսիական համալսարաններից գիտնականներ, տարբեր մասնագետներ ունենք, եւ նման հոսք կարող է լինել»,- ասաց Բազարչյանը: Նա նաեւ հիշեցրեց՝ ինստիտուտում կան կլինիկական օրդինատորներ, որոնք մինչեւ ժամը 18:00-ն չեն մնում եւ պարտավոր էլ չեն: Եվ գուցե այս կադրերն են, որոնք, ի տարբերություն այլ աշխատակիցների, աշխատանքային օրվա ավարտից ավելի շուտ են դուրս գալիս շենքից, ուստի նման տպավորություն է ստեղծվել:

«Բայց հաշվի առնելով նախարարի դիտողությունները՝ ես երեկ հանձնարարել եմ խիստ հետեւել իրենց պայմանագրերի պահանջներին եւ աշխատանքային կարգուկանոնին»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

06.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930