Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայի գործով «ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող ուղղակի ապացույց հանդիսանալ պարտականության առկայության մասին»

Հունիս 07,2018 13:30

Սիրիայից վեց տարի առաջ Հայաստան ներգաղթած
Ժիրայր Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

59-ամյա Ժիրայրն «Առավոտին» պատմում է, որ պատճառն այն է, երբ հայցով դիմել է դատարան, պահանջել հայաստանաբնակ ծանոթ կնոջից իրենից վերցրած պարտքը վերադարձնել:

Ժիրայրն ասում է, որ Հայաստան էր եկել իր կնոջ եւ երկու որդիների հետ: Աշխատել էր «Նոր Զովք» խանութում, որպես բանվոր: Չորս ամիս հետո՝ 2013թ. հուլիսի 18-ին աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Եգորեւսկ քաղաք: Այնտեղ աշխատել է սրճարանում, որտեղ եւ բնակվել է, ստացել է ամեն ամիս երեսուն հազար ռուսական ռուբլի: Հայաստանում աշխատելու ժամանակ ծանոթացել էր «Նոր Զովքի» բանվորներից մեկի հետ, որը նրանից պարտքով խնդրել է զումար:
Բանավոր պայմանավորվում են, որ երբ վերադառնա Հայաստան, ծանոթ կինը գումարը կվերադարձնի:

Պարոն Ժիրայրն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե 88 անգամ՝ բանկային փոխանցման միջոցով 2013 թվականի հուլիսի 29-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթին պարտքով, պարբերաբար ուղարկել է ընդհանուր՝ 540.000 ռուբլի գումար: Նա երկու տարի հետո՝ 2015թ. սեպտեմբերի 14-ին վերադառնում է Հայաստան, նվերներով, քանի որ հալեպցիների մոտ ընդունված է, ապա տիկնոջից խնդրում է ուղարկած գումարները:

Տիկինն ասում է՝ այս պահին գումար չունի մոտը, մտադիր է տունը վաճառել, երբ վաճառվի, կվերադարձնի գումարը:

Պարոն Ժիրայրը ցանկանում է նոտարական վավերացման միջոցով ձեւակերպել իր պարտքի պայմանների մասին, սակայն տիկինը դեմ է լինում: Ըստ տիկնոջ՝ իրեն ուղարկվածը պարտք չի եղել, այլ «նվեր»: Առանձնապես խոշոր չափի գումարը չվերադարձնելու եւ իր վստահությունը չարաշահելու կապակցությամբ 2015թ. դեկտեմբերի 3-ին Ժիրայր Հակոբյանը դիմել է ՀՀ ոստիկանություն:
ՀՀ ոստիկանությունը 2015թ. դեկտեմբերի 13-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել:

Սիրիացին քաղաքացիական գործով դատարանում խնդրում է թարգման, սակայն դատարանը նրան չի տրամադրում, եւ երեք դատական ատյաններով ստիպված է լինում «կոտրտված» արեւմտահայերենով պաշտպանել իր իրավունքները, բացատրել իր հետ պատահածը:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հողվածի՝ արդար դատաքննության իրավունքի մեկնաբանության 64-րդ կետի համաձայն՝ «շահագրգիռ անձը պետք է հնարավորություն ունենա հասնելու իր գործի քննությանը դատարանում եւ նրան չպետք է խոչընդոտեն չափից դուրս իրավական եւ պրակտիկ խոչրնդոտները»:

Սիրիացու պահանջը՝ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 540.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ գումարը, մերժվում է:

Ի դեպ, նախաքննության ժամանակ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության ավագ լեյտենանտ Թ. Մաթեւոսյանի կողմից տրված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլին Ժիրայր Հակոբյանը ծանոթացել եւ շփվել է կնոջ հետ, իսկ ՌԴ-ում պարտքը վերադարձնելու պայմանով, պարբերաբար ուղարկել է գումարներ` ընդհանուր մոտ 540.000 ռուսական ռուբլի: Տիկինը հետաքննիչի մոտ տված իր բացատրությամբ հայտնել է, որ Ժիրայր Հակոբյանը իմանալով իր սոցիալական եւ առողջական խնդիրների մասին, ցանկացել է օգնել եւ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց հետո այնտեղից պարբերաբար գումարներ է ուղարկել իրեն. «Երբ Ժիրայրին ասել է, որ գումարներ ուղարկելու կարիք չկա, նա պնդել է, որ գումարները եւ նվերները ուղարկում է որպես օգնություն, առանց վերադարձնելու պայմանի»:

Տիկինն իր բացատրության մեջ չէր գրել, որ Հայաստանում մեր հայրենակցին էր զանգել, խնդրելով, որ իր վիրահատության համար Ժիրայրը տրամադրի 260 000 ՀՀ դրամ: Եվ նա օգնել էր:

Պատահական չէր, որ Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել մեր խաբված հայրենակիցներից մեկի գործին, նշելով. «Թեեւ քրեական գործերով հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ եւ գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները եւ առարկությունները հիմնավորող, ինչպես նաեւ վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետեւաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաեւ այդ ապացույցների իրավական գնահատականը» (ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010թ. ապրիլի 22-ի որոշում):

Այսինքն, ըստ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման. «Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում կատարված մեկնաբանություններից ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող ուղղակի ապացույց հանդիսանալ պարտականության առկայության մասին, այն պարզապես անուղղակի ապացույց է, որը կարող է օժանդակել ուղղակի ապացույցին: Հետեւաբար, ուղղակի ապացույցի բացակայության պայմաններում ցուցմունքը կամ բացատրությունը չի կարող հիմնավորել պարտավորության առկայությունը»:
Ժիրայր Հակոբյանն ու նրա ընտանիքը ներկայումս հայտնվել են ծանր կացության առաջ: Նրան օգնության ձեռք է մեկնել գերմանական «Կարմիր Խաչը»:

Զրուցակցիս դեմ հարուցվել է քրեական գործ, քանի որ, ըստ նրա, ոստիկանությունում առկա էր 8 ահազանգ ծանոթ տիկնոջ կողմից. «Իբր ես խփել եմ, իբր գլուխը վնասել եմ, իբր սպառնացել եմ, իբր իրեն պիտի սպանեմ»:

Քրեական գործի քննությունը նշանակվել է հուլիսի 6-ին: Երկու հատոր գործով ներգրավվել են թարգման, նկարում պատկերված է քրեական գործը եւ «ամբաստանյալը»:
Ժիրայր Հակոբյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930