Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնուհին հանդես կգա խաչատրյանական բալետներում

Հունիս 07,2018 13:00

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական 85-ամյա թատրոնի պատմության ընթացքում բալետի փառատոն անցկացվել է մեկ անգամ՝ 1966թ., որի նախաձեռնողն էր մեր թատրոնի գլխավոր բալետմայստեր, աշխարհահռչակ Եվգենի Չանգան: Երեւանի թատրոնում բեմ բարձրացան Խորհրդային Միության ճանաչված արտիստներ Վլադիմիր Վասիլեւը, Եկատերինա Մաքսիմովան, Ռիմա Ստրուչկովան եւ այլն, որոնք ներկայացնում էին Մեծ թատրոնը, Մարիինյան, Պերմի եւ օպերայի ու բալետի այլ առաջատար թատրոններ:

Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի առիթով Ազգային օպերային թատրոնը հունիսի 8, 11, 13-ին, փաստորեն երկրորդ անգամ, հրավիրում է բալետի փառատոնի: Կներկայացվեն խաչատրյանական «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը»: Ի դեպ, Երեւանի թատրոնը միակն է աշխարհում, որի խաղացանկում են անվանի կոմպոզիտորի երեք բալետները: «Սպարտակ» եւ «Գայանե» ներկայացումներում հանդես կգա Ճապոնիայից հրավիրված Ուտակո Հանադան:

«Առավոտը» հանդիպեց Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի բալետի միակ դպրոցի հիմնադիր, հայ պարարվեստի երախտավոր Ազատ Ղարիբյանի թոռանը՝ կրտսեր Ազատ Ղարիբյանին: Ի դեպ, Ուտակո Հանադան ուսանում է այդ դպրոցում՝ կրտսեր Ղարիբյանի ու նրա տիկնոջ՝ բալետի արտիստ Նահո Ջո-Ղարիբյանի ղեկավարությամբ:
Կրտսեր Ազատ Ղարիբյանը երբեւէ Երեւանի օպերային թատրոնում հանդես չի եկել: Նա պարարվեստի քոլեջից հետո կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան պարարվեստի ակադեմիայում, ապա 1999-ից բեմ բարձրացել Սանկտ Պետերբուրգի, Չեխիայի, Սլովենիայի, Իտալիայի, Գերմանիայի թատրոններում: Արդեն 7 տարի է՝ բնակվում եւ ստեղծագործում է Ճապոնիայում, տիկնոջ հետ հիմնել են Ազատ Ղարիբյանի անվան ստուդիա, որի կազմում գործում է նաեւ «Կռունկ» անսամբլը: Ընդ որում, նույնանուն անսամբլ 1986թ. հիմնադրել էր ավագ Ղարիբյանը:

Ճապոնուհիները եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «04.24» համարը ներկայացնելիս, 2016թ.:

«Մինչ հայրենիք այցելությունս բանակցություններ վարեցի Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ, նա էլ, բնականաբար՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի համաձայնությունը ստանալուց հետո միայն, ես ու սանս այսօր Երեւանում ենք: Ուտակոն հիանալի պարուհի է, այս տարի մասնակցել է Ֆուկոակայում անցկացվող «Քյուշու» համաշխարհային մրցույթին, որի արդյունքում միայն որոշվեց, որ Երեւանում Խաչատրյանի բալետներում հայուհու կերպարներով կներկայանա ինքը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ռեպլիկի առիթով, թե «Գայանե» բալետը զուտ ազգային է, Ազատ Ղարիբյանն ասաց. «Պապիկիս նախաձեռնությամբ 1957թ. Երեւանի պարարվեստի քոլեջում բացվեց ժողովրդական պարի բաժին: Նա մասնակցել է Վանաձորի, Արցախի, Պարի պետական անսամբլների ստեղծմանը, 1970-ականների կեսերին Երեւանի մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի հիմնադիրներից է: Բեմադրել է Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Սակիլարիի «Չոփչոփիկը», Մուրադյանի «Կարմիր գլխարկը» եւ այլ բալետային ներկայացումներ, ինչպես նաեւ որոշ օպերային ներկայացումների պարային համարներ: Ճապոնիայում դպրոցիս սաները հաճախ են հանդես գալիս համերգներով՝ ներկայացնելով նաեւ ղարիբյանական բեմադրություններ: Ուզում եմ ասել, որ Ուտակոն էլ ծանոթ է հայկական պարարվեստին»:

Հայ-ճապոնացի ամուսնական զույգը Գերմանիայում ելույթի պահին, 2012թ.:

Խնդրանքին՝ ներկայացնել ճապոնական բալետը, մեր զրուցակիցը հայտնեց. «Ճապոնիայում պետական հովանավորությամբ բալետային ոչ մի դպրոց չի գործում: Հրավիրվում են բալետմայստերներ, արտիստներ կամ ամբողջական ներկայացումներ: Միայն Տոկիոյում է գործում պրոֆեսիոնալ «Կ. բալետ» խումբը, որը հիմնել է ճապոնացի հայտնի բալետի արտիստ Կումակավան»:

Զրույցի ընթացքում կրտսեր Ղարիբյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած դպրոցում ուսանում է շուրջ 60 արտիստ, հետո էլ ժպիտով ասաց. «Ճապոնացիները հայերիս նման թասիբով են: Բայց այս հարցում նրանք կարծես անցել են մեզանից: Օրինակ՝ ծնողները չեն խրախուսում, որ իրենց տղաները տրիկո հագնեն ու պարեն: Դա է պատճառը, որ կոնկրետ իմ դպրոցում՝ ընդամենը երկու տղա պարող ունենք: Հաճախ եմ հրավիրում հայ գործընկերներիս: Ճապոնական բալետային խմբիս հետ մեկ-երկու ներկայացումների մասնակցել են Ռուբեն Մուրադյանը, Հոնկոնգում ստեղծագործող Դավիթ Վարդանյանը եւ այլք»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ Ճապոնիան իր վերջի՞ն կանգառն է, Ազատ Ղարիբյանը պատասխանեց. «Չի բացառվում վերադարձ հայրենիք: Մտքումս անընդհատ պտտվում է պապիկիս գործը լիարժեք շարունակելու գաղափարը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ազատ Ղարիբյանն
ու Ուտակո Հանադան:

«Առավոտ»

06.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930