Հարցազրույց կրթության փորձագետ, Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամ Սերոբ Խաչատրյանի հետ
– Կրթության խնդիրները բազմաթիվ են, բայց որո՞նք են առաջնահերթ, ինչի՞ց է պետք սկսել՝ դպրոցից, բուհից, թե օրենքից:
-Ընդհանրապես դպրոցի դերն ավելի կարեւոր է, որովհետեւ ավելի շատ ընդգրկվածություն դպրոցում ունենք, օրինակ՝ Հայաստանում կա 270 հազար աշակերտ եւ մոտ 80 հազար ուսանող, այսինքն՝ մոտ հինգ անգամ դպրոց գնացողների թիվը ավելի շատ է, բացի այդ, դպրոցական տարիքում երեխայի վրա ավելի հեշտ կարող ես ազդել, տասնութ տարեկան ուսանողին շատ դժվար է փոխել: Իմ կարծիքով՝ վաղ մանկության կրթությունը, ներառյալ դպրոցականը եւ նախադպրոցականը, շատ ավելի կարեւոր են, որովհետեւ դրանք հիմքն են: Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում պետք են բարեփոխումներ, այսինքն՝ չենք ասում, որ միջին մասնագիտականը կամ բարձրագույնը պետք է արհամարհել, ընդհակառակը՝ բոլոր ոլորտները պետք է զուգահեռ գնան, դրա համար նախարարությունում կան համապատասխան բաժիններ, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտն ունի: Բայց հանրակրթության մեջ հաջողություն ունենալը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ:
– Դուք առաջարկում եք մանկապարտեզներն անվճար դարձնել, Ձեր ասածից ելնելո՞վ էիք դրան եկել:
– Այո, սա էլ առաջարկում ենք որպես վեկտոր, ուղղություն: Հասկանալի է, որ դա այնքան հեշտ չէ, որովհետեւ շատ համայնքներում մանկապարտեզ չկա, պետք է կառուցել, շատ փոքր համայնքներում մասնագետների խնդիր է առաջանալու, բայց սա պետք է լինի ուղղություն, այսինքն՝ մենք միշտ պետք է փորձենք քայլեր անել եւ բոլոր հնարավորություններն օգտագործել, որ նախադպրոցական կրթությունը զարգանա:
– Կրթական քաղաքացիական նախաձեռնության փաթեթում նշված էր, որ դա անձամբ Նիկոլ Փաշինյանին եք ներկայացնելու, ինչո՞ւ հենց իրեն եւ ոչ ԿԳ նախարարին:
– Նաեւ նախարարություն է ներկայացվել, այսինքն, փաստաթուղթը բաց է, ոչ միայն կառավարությանը, ԿԳՆ-ին է ներկայացվել, այլ ամբողջ հանրությանը: Ուղղակի կառավարությանը պաշտոնական նամակով է ներկայացվել, դա է ընդամենը, բայց բոլորի համար բաց է փաստաթուղթը:
– Փաթեթի կարճաժամկետ առաջարկությունների մեջ նշված է, որ պետք է սոցիալական արդարությունը վերականգնվի, դա մեկ-երկու ամսում հնարավո՞ր է անել:
– Ոչ, բայց հնարավոր է ուղղությունը վերցնել: Ամբողջ խնդիրը հետեւյալի մեջ է, որ այս պահին մեր կրթական համակարգը պետք է փորձի նաեւ նկատել երեխայի տաղանդը, ոչ միայն նրա պատրաստվածության աստիճանը, որովհետեւ եթե պատրաստվածության աստիճանով ենք գնահատում, ապա շատ հաճախ պարզվում է, որ բոլոր տաղանդավոր երեխաները հարուստ ընտանիքի երեխաներն են, բայց իրականում նրանք շատ են պարապում, նրանք կրթական լուրջ ծառայություններ են ստանում: Հիմա շատ կարեւոր է, որ կրթական համակարգը նկատի նաեւ այն երեխաներին, ովքեր ունեն տաղանդ, բայց ընտանիքը, համայնքը չունի այդ կրթական հնարավորությունները: Կարծում եմ, որ դպրոցներում պետք է լինեն անվճար լրացուցիչ կրթական ծառայություններ այս երեխաների համար, իմ կարծիքով՝ մենք այսօր դպրոցներում բավականին տաղանդավոր երեխաների ենք կորցնում միայն այն պատճառով, որ նրանց չենք տեսնում, որ նրանց համար չկա լրացուցիչ կրթական ծառայություններ:
– Կրկնուսույցների՞ն նկատի ունեք:
– Այո, որովհետեւ այդ երեխաները կախված են միայն դպրոցից, իրենք հնարավորություն չունեն լրացուցիչ պարապելու, տանը գիրք չկա, համակարգիչ չկա, երեխաների մյուս խումբն այդ հնարավորություններն ունի եւ այդ երկրորդ խումբը կարող է առաջինից առաջ անցնել եւ մենք մտածենք, որ հենց երկրորդներն են ամենաընդունակները, տաղանդավորները: Բացի այդ, շատ կարեւոր է Հայաստանի կրթության համաչափ զարգացումը, որովհետեւ մի քանի տաղանդավոր երեխա ունենալը, միայն տաղանդավորների վրա ներդրում անելը բավարար չէ, հանրակրթությունը դա սոցիալական երեւույթ է, ամբողջ հասարակությունը պետք է բարձր կրթական մակարդակ ունենա: Այն երկրները, որոնք լավ արդյունքների են հասնում սոցիալական, տնտեսական առումով, նրանք հիմնականում դրան կարողանում են հասնել իրենց համաչափ զարգացած կրթության միջոցով:
– Դուք առաջարկում եք, որ ծախսերի վերաբաշխում լինի, ֆինանսավորումը հասնի երեք տոկոսի, իսկ ինչի՞ հաշվին է դա պետք անել:
– Դա պետք է անել տնտեսական զարգացման, հարկային քաղաքականության, հարկահանության մեխանիզների բարելավման, ստվերի կրճատման հաշվին: Այդ երեք տոկոսը ինչ-որ օդից վերցված թիվ չէ, դա այն նվազագույնն է, որը ըստ միջազգային հետազոտությունների՝ պետք է տալ կրթությանը, որ զարգանա:
-Վերջին փոփոխություններից հետո քաղաքացիները ակտիվացել են ու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս: Հնարավո՞ր է բոլորի առաջարկները բավարարել, սպասելիքները արդարացնել:
– Ակնհայտ է՝ ոչ: Հիմա ուղղակի այդ փուլն է, որ երկար ժամանակ մարդիկ հնարավորություն չեն ունեցել իրենց տեսակետները հայտնելու, կրթական համակարգում արձագանքող չի եղել, այսինքն՝ շատ մարդիկ չեն ասել իրենց կարծիքը ոչ թե այն պատճառով, որովհետեւ չեն թողել, այլ մտածել են, որ ասած-չասած՝ օգուտ չկա: Հիմա կա որոշակի վստահության միջավայր, մարդիկ ուզում են իրենց առաջարկները ներկայացնեն, բայց ակնհայտ է, որ կրթությունը մասնագիտություն է, կրթության ոլորտում ցանկացած քայլ, ցանկացած որոշում պետք է մասնագիտորեն հիմնավորված լինի, չեն կարող ինչ-որ ամբոխահաճո կամ մարդկանց մի խմբի համար ընդունելի որոշումներով համակարգը տանել, պետք է այնպես լինի, որ ընդհանուր համակարգը բարելավի, բնական է, որ դա արդեն մասնագիտական հարց է, որոշել, թե ինչ պետք է անել, որ համակարգն ավելի լավ լինի:
Զրույցը՝ ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
«Առավոտ»
06.06.2018