(մի փոքր փիլիսոփայություն պղտոր «կոնկրետացման» մեջ)
«Որքան ահռելի է սուտը, այնքան ավելի ուժգին է դրա ազդեցությունը, և այնքան ավելի շատ մարդու է վստահություն այն ներշնչում»
Բեռնար Վերբեր
Անօրինությունից անպատժելիությո՞ւն
Բռնապետության, թերևս, գլխավոր առանձնահատկությունն է Օրենքի՝ ընտրողաբար գործելը: Այն չի տարածվում իշխանավորների վրա: Այն գործում է ընտրողաբար… նրանց հանդեպ, ում մատնացույց կանի իշխանությունը:
Կարծես, դա գիտեն բոլորը:
Ժողովրդավարության, թերևս, գլխավոր առանձնահատկությունն է Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը… ներառյալ՝ անձնական նպատակներ հետապնդող զրպարտիչների:
Կարծես, դա էլ գիտեն բոլորը:
Սակայն արդյոք բոլո՞րն են մտորում (задумываются) այն մասին, որ ցանկացած երևույթ կարելի է օգտագործել անձնական նպատակներով… ներառյալ՝ ժողովրդավարությունը:
Իրենց ժողովրդավարություն հռչակած ֆաշիզմն ու խորհրդային սոցիալիզմը դա ապացուցեցին բավական համոզիչ: Իսկ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» հանճարեղ ստեղծագործությունն անողոքաբար նկարազարդել է (проиллюстрировать) «ժողովրդավարության կերպարանափոխությունները»:
Վեպի հերոսներ Շվոնդերն ու Շարիկովը վերածվել են հավաքական կերպարների։ Նրանք իդեալական օրինակ են` ինչպես չարությունը, ատելությունը, նախանձն ու զրպարտությունը կարող են վերացնել դարավոր մշակույթն ու ազգի վառ կերպարներին…նույնիսկ «ժողովրդավարության» օրով:
Ժողովրդավարությունից «օգտվելու» համար բավական է պնդել, որ ընդունում ես նրա ընձեռած ազատությունը, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը։ Այն, որ խոսքի ազատությունը, ամենից զատ, ենթադրում է պատասխանատվություն արտաբերած ամեն բառի համար, անհանգստացնում է թերևս միայն նրանց, ովքեր պայքարել են այդ ազատության համար, ու բնավ ոչ նրանց, ովքեր դրա մեջ տեսնում են վրեժի կույր զենք և, թաքնվելով այս ««ազատ խոսքի» տակ, իրենց համարում են անպատժելի, քանի որ … «ժողովուրդն» են։
Ախ, այս բառերն ու եզրույթները. յուրաքանչյուրը հասկանում և կիրառում է դրանք այնպես, ինչպես շահեկան է իրեն։ Եվ միայն վերջում հասարակությանը պարզ կդառնա՝ որքան փրփուր բարձրացավ ջրի երես, որքան արժեքներ վերացվեցին և որքան մարդկային ճակատագրեր խեղվեցին։
Հաջողել նշանակում է հասցնե՞լ
Այդ թվում նաև հասցնել վանվե՞լ նրանից, ինչից դեռ երեկ կառչած էիր։
Նոր նավի մեջ «հասցնել» ցատկել ցանկացողները քիչ չեն. և նրանք պատրաստ են ոտքի տակ տալ ամենն ու ամենքին ինչ խանգարում է իրենց … և այդպես է բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում իշխանության ցանկացած ձևաչափում։
Սակայն առավել գերադասելի են բացահայտ ստահակները, քան ծպտված (замаскированные) բանսարկուները՝ հատկապես, որ վերջիններս սուտը որպես փաստ են ներկայացնում։ Իսկ էդ ով այսօր չի տիրապետում քաղաքական և ֆեյսբուքյան տեխնոլոգիաներին: Մանավանդ, որ ոզնուն էլ է հասկանալի՝ կարևորը ոչ թե փաստերն են այլ այդ փաստերի այն մասերը, որոնք «ապացուցում են» քո «ճշմարտությունը» (ի դեպ ոզնի բառը օգտագործված է ոչ որպես մականուն):
Թերևս գերադասելի է լինել խորտակվող նավ, քան այն լքող առնետ։ Այդ պատճառով էր , որ նախկինում պատվո կոդեքսը թույլ չէր տալիս նավապետին լքել կործանվող նավը։
Դե հա, նավապետ, պատվո կոդեքս…
Ախ, այս բառերն ու եզրույթները. յուրաքանչյուրը հասկանում և կիրառում է դրանք այնպես, ինչպես շահեկան է իրեն։
Քանի՞ քայլ է «սիրուց մինչև ատելություն»
Իսկ միգուցե դա քայլ է, որը բնավ չարժե անել։ Թեկուզ հանուն նրա, որ սխալ քայլով ստվեր չգցես «քայլ առաջի» վրա։
Իսկ այս ամենի հետ ի՞նչ կապ ունի «սամուրայն առանց թրի»
Պարզապես նա մարդ է, ով գերադասում է խելքը զենքին, փոխհամաձայնությունը` արնահեղությանը, արարչությունը` կործանմանը, սերը` ատելությանը …
Ծանո՞թ շարք է։ Երևի, չէ՞ որ այս ամենը շատ է հնչում այս օրերին ։ Եվ փառք Աստծո, որ այդպես է…
Բայց չէ որ ոմանք այսպիսին էին նաև այն ժամանակ, երբ այս բառերը դեռ թրենդային չէին՝ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում։ Նրանք այդքան էլ շատ չէին, բայց չէ՞ որ կային։ Ու դեռևս կան։
Եվ արդյոք նրանք արժանի՞ են պատժի այն դրական գործերի համար, որոնք կատարել են։
Իդա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ