Հունիսի 2-ին Տավուշի մարզպետարանում, լրագրողների հարցերին պատասխանելիս տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքների խոշորացման խնդրին, ասելով. «Խոշորացումը պիտի ինքնանպատակ չլինի: Առանց հանրության հետ հաղորդակցվելու, հանրային լսումների, համայնքների համաձայնության այլեւս Հայաստանում խոշորացումներ լինել չեն կարող: Եվ ընդհանրապես, այս բառը ես հակված եմ փոխել համայնքների միավորում տերմինով, որովհետեւ եթե խոշորացումը արհեստական է,ապա միավորումը համայնքների կամքով է»:
Խոսելով համայնքների խոշորացման արդյունքներից, նախարարն ասաց. «Կան համայնքներ, որտեղ, գոնե ինձ տրված ցուցանիշների համաձայն, ամեն ինչ շատ լավ է: Բայց ես պիտի հանդիպեմ այդ համայնքների բնակիչների, համայնքների ղեկավարների հետ, համոզվեմ, որ թղթի վրա արտացոլվածը իրականում կյանքում կենսագործվել է»:
Խոշորացված համայնքները նորից բաժանելու վերաբերյալ հարցին ի պատասխան Պապիկյանը հայտնեց. «Չի կարող գործընթացը լինել կացնահարման սկզբունքով, այսինքն՝ այսօր մենք եկանք ու որոշեցինք, որ վաղվանից խոշորացում այլեւս չկա: Սա մի գործընթաց է, որը վերաբերում է երկրի վարչատարածքային բարեփոխումներին, եւ ինչպես ցանկացած բարեփոխում, սա նույնպես պետք է արվի այնպիսի քայլերով, որ փոփոխությունները դառնան բարեփոխումներ, եւ ոչ թե փոխեն ղեկավարներին ու ոչ թե փոխեն գյուղի կազմը: Մարդիկ դա արել են՝ ելնելով իրենց քաղաքական առաջնահերթությունից, միավորվել են համայնքներ, որոնց շահից չի բխել այդ միավորումը: Սա քննարկման խնդիր է, եւ մինչեւ չխոսենք այդ համայնքների բնակիչների հետ, չենք կարող խոսել դրանց հետագա մնալու-չմնալու մասին» :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ