Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հեղափոխական գործունեություն եմ ծավալել». Ժիրայր Սեֆիլյանը՝ դատավորներին

Հունիս 06,2018 12:51

Վերաքննիչ քրեական դատարանում դատավորներ Մխիթար Պապոյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ այսօր քննվում է  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքը, որով նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը  մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ ռազմավարական նշանակության շինություններ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակն ու զորամաս զավթելու փորձի համար եւ դատապարտվել 10,5 տարվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը եւ գործով անցնող մյուս անձինք եւս դատապարտվել են ազատազրկման:

Նիստի մեկնարկին դատավորները հետաքրքրվեցին, թե արդյոք դատավորների դեմ ինքնաբացարկի միջնորդություններ կա՞ն: Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ մեկ ամիս առաջ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Սեֆիլյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե պաշտպանի՝ Սեֆիլյանի հանդեպ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը միայն պաշտպանի ենթադրությունն է: «Բայց Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, եւ անցել են ժամանակները, երբ նախորդ իշխանությունները հրամաններ էին իջեցնում դատարաններին: Եթե հիմա դուք կհայտարարեք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, ես ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնի»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Դատավորները նկատեցին, որ պաշտպանի հարցադրումը քաղաքական է, իսկ դատավորներին որեւէ մեկը երբեւէ հրամաններ չի իջեցրել, դատարանը ապաքաղաքական կառույց է: Տիգրան Հայրապետյանը պատասխանեց, որ ինքնաբացարկի հնարավոր միջնորդության մասին հետագայում կհայտարարի, եթե կարիքը լինի:

Ապա դատավորները ճշտեցին՝ մեղադրյալների կենսագրական տվյալներում կա՞ն անճշտություններ: Սեֆիլյանի պաշտպան Հայրապետյանը հայտարարեց, որ կան. «Նշված է, որ նա չի աշխատում, բայց վերջին տասնհինգ տարում նա զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ, ինչը եւս աշխատանք է»: Սեֆիլյանն ուղղեց պաշտպանին՝ «հեղափոխական գործունեություն»:

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պաշտպաններն այսօր առաջնահերթ կալանքի փոփոխության միջնորդություններ են ներկայացնելու, այնուհետեւ տեղի կունենա բողոքի բուն քննությունը:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930