Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին:
Շարմազանովը համամիտ է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի և մնացած քաղաքական գործիչների հետ, որոնք հայտարարում էին, որ Արցախում պետք է լինել շատ շրջահայաց.
«Մեզ անհրաժեշտ է կայուն Արցախ, մեզ անհրաժեշտ է, որ և՛ Արցախի հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը համախմբվեն Արցախի իշխանությունների շուրջ, որովհետև Արցախում ցանկացած ներքաղաքական իրավիճակի լարում չի բխում ո՛չ արցախահայության, ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ առհասարակ հայության շահերից: Ինչպես 20 տարի առաջ հիմա ևս կայուն, ուժեղ միասնական Արցախը ողջ հայության հաղթանակի գրավականն է»:
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ հակառակորդը կարող է օգտագործել ցանկացած անկայունություն. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, չնայած ես դրա հետ համամիտ չէի, բայց այնուհանդերձ համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ, որ անթույլատրելի է Արցախի համար: Մենք բոլորս՝ առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը, պետք է լինենք Արցախում ազգային միասնության, համերաշխության և իշխանությունների շուրջ համախմբման ջատագովները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ