Շողիկ Քյոշքերյանը սովորել է Հալեպի և Լիբանանի համալսարաններում, այնուհետև ՀՀ-ում ՝ Ամերիկյան համալսարանում:
Aravot.am-ի հետ զրույցում Շողիկը պատմեց, որ ցանկություն է առաջացել դասավանդելու գյուղական համայնքի դպրոցում: Երկու տարի անգլերեն է դասավանդել Փարաքարի միջնակարգ դպրոցում: Շողիկը «Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի շրջանավարտներից է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սլավոնական համալսարանում անցկացվեց ամենամյա «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը: Այս պահի դրությամբ ծրագիրը ներկայացված է ՀՀ 6 մարզի և Արցախի 2 շրջանի 51 գործընկեր դպրոցում: Երկու հոսքերի 70 մասնակիցներ աշխատում են շուրջ 6000 երեխայի հետ:
«Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ ծրագրին կարող է դիմել ցանկացած անձ, որն ունի առնվազն բակալավրի կրթություն, հայերենի իմացություն և աշխատելու իրավունք Հայաստանում:
Նրա խոսքով՝ ծրագրի մասնակիցների թիվն աճում է. նախորդ տարի նրանք 14-ն էին, այս տարի 28-ը, մյուս տարի կլինեն 42-ը: Թենի Ավագյանը պատմեց, որ այս տարվա շրջանավարտների շարքում է Լոս Անջելեսի UCLA համալսարանի շրջանավարտ Խաչիկ Չուխաջյանը. նա երկու տարի Մեդովկա գյուղում պատմություն է դասավանդել:
Ծրագրի շրջանավարտ Արմեն Մխեյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «2016-ին ավարտել եմ ՀՀ կառավարման ակադեմիան: Նույն տարում դիմեցի ծրագրին, քանի որ մեծ ցանկություն կար աշխատել կրթական ոլորտում: Գործուղվեցի Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց. մաթեմատիկա եմ դասավանդում: Այս տարի վերջացնում եմ»:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մնա և Ուրասարի դպրոցում շարունակի աշխատանքը, Արմեն Մխեյանը պատասխանեց՝ դժվար է ասել, որ կարող եմ մնալ, քանի որ Երևանում եմ ապրում: Արմենը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ բացի դասավանդելուց, մասնակիցները նաև փորձում են լուծումներ գտնել տվյալ համայնքում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ