Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է»

Հունիս 05,2018 21:50

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

Նախագահը գոհունակություն է հայտնել գտնվելու Հայ-ռուսական համալսարանում, որը Հայաստանի երիտասարդ բուհերից է եւ ողջունելու երիտասարդ «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը: 

«Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է մտածենք եւ գիտակցենք, որ ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր և զարգացած Հայաստանի մասին, ապա անպայման հասկանում ենք, որ դա նախ եւ առաջ ժամանակակից ու զարգացած կրթությունն է: Եվ Հայաստանը չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, չի կարող ունենալ փայլուն ապագա եւ նոր նախաձեռնություններ, եթե չունենար այդ հիմքը, որը կոչվում է մասնագետներ, կրթված ու նվիրյալ քաղաքացիներ»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ տաղանդները գիտության մեջ, արվեստում, սպորտում չեն ծնվում միայն Երևանում և Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքաներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: «Եվ այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարևոր գործն է անում՝ կրթությունը տանելով դեպի հեռավոր անկյուններ, կրթությունը տանելով մեր տաղանդավոր երեխաներին, ովքեր, ցավոք, դեռևս այդ հնարավորությունը չունեն»,-ընդգծել է նախագահը:

Նա երախտագիտություն է հայտնել եւ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին կատարված փայլուն աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում: Ծրագիրն արդեն ունի 70 մասնակից Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը։ Այսօր ծրագրի Կրթության հավասարության դեսպանի կոչում ստացավ եւս 28 մասնակից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930