«Որպես ՀՀ նախագահ առաջին հանդիպումն այս համալսարանի ուսանողների ու շրջանավարտների հետ եմ ունեցել, որոնցից յուրաքանչյուրին առանց մտածելու անձամբ կհրավիրեի ՀՀ նախագահի աշխատակազմ աշխատելու»,- Սլավոնական համալսարանում «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ամենամյա «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությանը հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ցավով նշեց, որ այդքան հաստիքներ նախագահականում չունեն, որքան հոյակապ շրջանավարտներ և ուսանողներ ունի բուհը: Արմեն Սարգսյանը հայտնեց, որ Սլավոնական համալսարանում հանդիպել է նաև իր համալսարանական ընկերներին, որոնց, թվում էր, թե կորցրել է. պարզվեց՝ լավագույններն այստեղ են:
Անդրադառնալով «Դասավանդի’ր, Հայաստան» ծրագրին՝ նախագահն ասաց. «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, պիտի մտածենք ու գիտակցենք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր ու զարգացած Հայաստանի մասին, հասկանում ենք, որ դա, նախևառաջ ժամանակակից և զարգացած կրթությունն է: ՀՀ-ն չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, փայլուն ապագա, եթե չունենա այն հիմքը, որը կոչվում է մասնագետներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ անկեղծացավ՝ որոշել էր թողնել քաղաքականությունը և «Դասավանդի’ր, Հայաստան» ծրագրով գնալ գյուղական դպրոցում դասավանդել: Այնուհետև նշեց. «Ապրիլի 2-ին, երբ ընտրությունների ժամանակ ձայների փոքր տարբերությամբ չէի անցել խորհրդարան, որոշել էի, որ էլ քաղաքականությամբ չեմ զբաղվելու և մտածեցի, որ գնամ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրով գյուղում դասավանդեմ, բայց մի քանի օր հետո սկսվեցին ավագանու ընտրությունները, և եղավ այն, ինչ եղավ»:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ պարոն Հարությունյանը նշեց. «Դասավանդիր, Հայաստանի» արածն այն է, ինչ դավանում է նոր կառավարությունը: Հիմնական սկզբունքն է կրթության ոլորտում այն, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, այլ ոչ թե քչերի:
Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ հայտարարեց. «Երբ խոսում են նոր Հայաստանի մասին, սա նոր Հայաստանի լավագույն ծիլերից է: Նոր հասարակության լավագույն ներկայացուցիչների՝ ի դեմս մեր երիտասարդ շրջանավարտների, բուհական լավագույն ներկայացուցիչների, իրենց փորձը, ժամանական են տրամադրում գյուղական համայնքներում, դպրոցներում դասավանդմանը: Սրանից ավելի հրաշալի գաղափար, երևի թե, կրթության համակարգում դժվար կլիներ ստեղծել ու իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ