Այսօր «Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների հետ ասուլիսից առաջ Aravot.am-ը «Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանին խնդրեց իր կարծիքը հայտնել ՀՖՖ-«Շիրակ» սկանդալային պատմության մասին:
– Ի՞նչ կասեք ՀՖՖ-«Շիրակ» սկանդալային հայտնի պատմության մասին:
– Շատ տխուր պատմություն է նաեւ ինձ համար: Ես Հայաստան եմ եկել, որպեսզի Հայաստանում զարգացնենք ֆուտբոլը: Բայց ինչ կատարվել է, հակառակ կողմ է տանում: Ցավում եմ, որ «Շիրակը» կարող է ընդհանրապես չմասնակցել Հայաստանի առաջնությանը, մինչդեռ, «Շիրակը» բարձրագույն խմբի միակ թիմն է, որը Երեւանից չէ: Գյումրիում բազմաթիվ երեխաներ են ֆուտբոլով զբաղվում: Նրանց ապագան այդ դեպքում ի՞նչ կլինի: Հույս ունեմ, որ այդ խնդիրն ինչ-որ ձեւով կլուծվի:
– Իսկ ձեր կարծիքով «Շիրակի» նկատմամբ ՀՖՖ–ի կիրառած պատժամիջոցը համահո՞ւնչ է կատարվածին:
– Եթե ապացույցները կան, կարծում եմ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ճիշտ է ու դեռ մի բան էլ փափուկ: Հայկական ֆուտբոլում նման բաներ չպետք է լինեն: Որքան ես եմ տեղյակ, եթե ֆեդերացիան այդ որոշումը չընդուներ, դա կաներ ՈՒԵՖԱ-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ