Խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ հրապարակումներին, Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է. ընկերությունը վարկեր է վերցրել։
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պատգամավորի հարցին պատասխանեց`ընկերությունը 1,5 միլիարդ դրամի վարկ ունի, որը ընթացակարգային դրույթներով փակում է. «Ցավում եմ, որ չեմ կարող տոկոսի մասին պատասխան տալ»:
Վահե Էնֆիաջյանը շարունակեց իր գործընկերների սկսած հարցը`«Հ1»-ում երկու միլիարդ դրամի չարաշահումների մասին: Ո՞վ է այդ չարաշահման մեղավորը, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելուհարցրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին.
«Որպես փաստ ներկայացված է, որ ձեր գործունեության պատվերների շուրջ 75%-ը տրված է «Շարմ» հոլդինգին, որի 50% բաժնետերը Դուք եք հանդիսանում: Մամուլում հրապարակում կա նաեւ, որ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան եք գնել»: Ռուբեն Ջաղինյանը սրտնեղեց` պատգամավորները հարցադրումներ են անում առանց լսելու պատասխանները։ Խոսքը երկու միլիարդին վերաբերվող չարաշահումների մասին է:
«Դուք ինձ ընդհանուր հարցեր եք տալիս բնակարանների մասին, ես իմ բնակարանները գնել եմ մինչ այն, ինչ զբաղեցրել եմ… ես չեմ կարա յուրաքանչյուր ասեկոսներին էստեղ պատասխանեմ»:
«Շարմ» ընկերության հետ համագործակցության մասով էլ ասաց` ոչ թե «Շարմին» են պատվիրում, այլ մի քանի կազմակերպության։ Հավելեց`«Շարմը» որակով ծրագրեր է պատրաստում. «Միայն «Շարմը» չէ, տարբեր կազմակերպություններ կան, որոնք աութսորս պատրաստում են Հանրայինի ծրագրերը, ինչը նորմալ է»։
Հանրայինի շենքի մասով էլ ասաց. «Ասում են, էնտեղ շատ շենք-շինություններ կան… Երբ մենք Հանրային եկանք, կային մի քանի շենք, որոնք ընդհանրապես պետք է, կոպիտ ասած, ջարդվեին, որովհետեւ վատ սեյսմիկ վիճակում էին։ Մի շենքը, որը ամենավատ վիճակում էր, «Երեւան» ստուդիայի շենքը, այդ մասնաշենքն է, որ դրված է։ Հանրայինի կարեւոր շենքը դրված չէ»:
«Ես չեմ պատրաստվել` ձեզ լիտրաժներով բենզին եւ այլն…»,- «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին էլ, թե որքա՞ն է իր աշխատավարձը, այսպես արձագանքեց Ռուբեն Ջաղինյանը:
Խուսափելով հարցի հստակ պատասխանից ասաց` իր աշխատավարձը եղել է այն, ինչ եղել է տվյալ պաշտոնը զբաղեցնող նախորդ պաշտոնյաների աշխատավարձը:
Բագրատյանը պնդեց՝ կոնկրետ գումարի չափն էր ուզում իմանալ:
«485 հազար դրամ»,- հայտարարեց Ջաղինյանը` հավելելով, թե թիվը մոտավոր է:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը հինգ միլիոն դրամ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պահոոոո, էս տեսակ թալան, Ս. Սարգսյան ձեր պատճառով ինչեր են թույլ տվել ոչուփուչ ագահները, թալանչիները, հրեշները, սրանք ազգություն, մարդկություն չունեն, էնքան են հոռացել, սահմաններն անցել են, իսկ խեղճ հայ ժողովրդի մեծ մասը հացի կարոտ է, չեն կարում մարդիկ գոյատևել, ինչ ահավոր է….