Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանն իրենց լիազորությունները ժամանակավորապես դադարեցրել են: Այսօր այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:
Մասիսի քաղաքապետն օրեր առաջ՝ հունիսի 2-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ խափանման միջոցը փոխվելու հետեւանքով: Այս պահին, սակայն նախաքննություն է ընթանում:
Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
Մինչ իրավապահները միջադեպի վերաբերյալ մանրամասներ են պարզում, Aravot.am-ը քննչական մարմիններից փորձեց հետաքրքրվել, թե գործով ոստիկաններ հրավիրվո՞ւմ են հարցաքննության:
Տեսանյութում, որտեղ մի խումբ դիմակավորված անձիք հարձակում են գործում ու հարվածում ցուցարարներին՝ կիրառելով մահակներ եւ էլեկտրաշոկ, պարզ երեւում է ոստիկանների պասիվ գործելաոճը: Բացի այդ, մի խումբ ոստիկանները իրադարձությունների անմիջական մասնակիցներն են ու վկաները:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննություն է ընթանում եւ ոստիկանության աշխատակիցներ վկայի կարգավիճակում եւս հարցաքննվում են: Ինչ վերաբերում է նրանց՝ պասիվություն դրսեւորելուն, ծառայողական պարտականություններն ինչպես հարկն է չկատարելու մեր դիտարկումներին եւ արդյո՞ք ոստիկանների գործը կփոխանցվի Հատուկ քննչական ծառայությանը, կոմիտեից նշեցին, որ Քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է նախաքննություն:
Հարցը փորձեցինք ճշտել Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից Aravot.am-ին ի պատասխան, տեղեկացրին, որ իրենց վարույթում այդ գործին առնչվող, որեւէ նյութեր չկան:
Ելնելով նրանից, որ գործը գտնվում է նախաքննական փուլում նախաքննական մարմինը մեր՝ մի շարք հարցերի էլ չի կարող պատասխանել՝ օրինակ՝ էլեկտրաշոկն ու ռետինե մահակներն ինչպես են հայտնվել դիմակավորված անձանց ձեռքում:
Մասնագետների խոսքով, էլեկտրաշոկերը նախատեսված են ոչ թե հարձակվելու, այլ՝ պաշտպանվելու համար, որոնք թեեւ վաճառվում են, սակայն, պարտադիր՝ անձը հաստատող փաստաթղթով: Մահակներն էլ ոստիկանության գույքն է, անգամ վաճառքում չկա: Թե ումի՞ց են դրանք ձեռքբերվել, ո՞նց է տասնյակներով դրանք հասել ու հայտնվել անկարգությունները կազմակերպած անձանց ձեռքում՝ հարցեր են, որոնց պատասխաններն առայժմ չենք կարող ստանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ