«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հուլիսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպմանը մասնակցելու համար Երեւան են ժամանելու համաշխարհային մեծության բազմաթիվ աստղեր, որոնց մեջ քիչ չեն աշխարհի չեմպիոնները:
Գործարարի խոսքով, ինքն առայժմ չի կարող թվարկել բոլորի անունները, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են: Սակայն թվարկեց մի քանի անուններ, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կամ ցանկություն հայտնել:
Նրանք են Ռիվալդոն, Կաֆուն, Բատիստուտան, Կրեսպոն, Դիդան, Սամորանոն, Կորդոբան, Սերժինյոն, Ձանետտին, Մալդինին, Ջորկայեֆը, Ստիչկովը, Գիգզը, Ալբերտինին, Մատթեուսը, Տոտտին, Լիտմանենը, Պույոլը, Կախա Կալաձեն…
Բանակցություններ են վարվում նաեւ այլ աստղերի հետ, այդ թվում՝ Ռոբերտո Կառլոսի:
Արթուր Սողոմոնյանը նշեց նաեւ, որ ինքը մի քանի անակնկալներ է նախապատրաստել, որոնց մասին գերադասեց առայժմ չխոսել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ