Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է եղել «Հ1»-ի երկու միլիարդ դրամը. Թեժ քննարկում խորհրդարանում (Տեսանյութ)

Հունիս 05,2018 20:07

Հանրային հեռուստաընկերությունում տեղ գտած ֆինանսական խախտումների հարցերն այսօր բուռն քննարկման առարկա դարձան խորհրդարանում`2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ:

Թեմային, մինչ այս, «Հետքն» էր անդրադարձել: Ըստ Ֆինանսների նախարարության  աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ստուգումների՝ երկու միլիարդ դրամի խախտման դեպքերի են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում:

Խորհրդարանում հարցը բարձրացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Հանրայինի ղեկավարությունից հետաքրքրվեց` ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը: Նախ` Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց`ասելով, որ վստահ չէ, թե չարաշահում բառն արտահայտում է  այն, ինչ արձանագրված է. «Խոսքը վերաբերում է մեծ մասամբ ընթացակարգային շեղումներին: Միայն մոտ  183 միլիոն դրամ գումարն է, որ վերականգնման ենթակա է, իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխանության արձանագրումներն են եղել: Դրանք, մեր ունեցած տեղեկություններով շտկվել են։ Այսինքն` երբ չարաշահում  օգտագործում ենք, դա ենթադրում է ինչ-որ անհաջող գործողություններ, իսկ այս դեպքում իրենց գործողությունից կախված իրենց գործողությունը շտկումն է»:

Պատգամավորը շարունակեց`որքա՞ն գումարից է ընթացակարգային շեղումներով արձանագրվել երկու միլիարդը. արդյոք դա չի՞ խոսում կառավարման ճգնաժամի մասին։

Արձագանքեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը. «Ուղղակի դուք միշտ հինգ միլիարդից երկու միլիարդն եք ֆիքսում»: Ավելի առարկայական, հարցին անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը. «Պարոն Ջանջուղազյանն ասաց, որ տողերի խախտումներ են եղել, բայց տարիների ընթացքում ներկայացրել ենք, հաշվետվությունն այդ տեսքով ընդունվել է։ Այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել հինգ տեսախցիկ, բայց պարզվել է, որ անհրաժեշտ է ոչ միայն հինգ տեսախցիկ, այլեւ փչացել է ձայնային ստուդիայի վահանակը, մենք գնել ենք երեք տեսախցիկ և մեկ ձայնային ստուդիայի վահանակ, որը համարժեք է նույն գումարին։ Դուք անընդհատ շեշտում եք, որ պետք է վերադարձվի, ոչ գումարի հափշտակում,  անարդյունավետ վատնում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպման անվանումների տարբերություն, որը հետագայում մեզ ասվել է, որ մենք պարտադիր պետք է դիմեինք Ֆինանսների նախարարությանը այդպիսի փոփոխությունների համար»:

Մանրամասները`տեսանյութում

«Ծառուկյան» խմբակցության «գրոհը» շարունակեց Վարդան Բոստանջյանը հետաքրքրվելով` ինչո՞ւ է տարիների ընթացքում նույն սխալը թույլ տրվել ու չի շտկվել։ Մարգարիտա Գրիգորյանն ասաց`իրենք հաշվետվություններ են ուղարկել, դիտողություն եղել է`շտկել են:

«Ելք»-ի նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ որոշեց անմասն չմնալ:  Զարմացավ` ինչո՞ւ է Ատոմ Ջանջուղազյանը փաստաբանի դեր ստանձնել։

«Եթե մամուլում կա նման հրապարակում, Դուք՝ տիկին Մարգարիտա, պարոն Ջանջուղազյանը եւ մյուսները, դրան պատասխանելու բան ունեք: Դիմեք դատարան: Կա հեղինակություն վայելող  լրատվամիջոց, որը երկու հրապարակմամբ է հանդես եկել, վերականգնեք հանրության մոտ այն համբավը, որը կար»:

Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց` փաստաբանի դեր չի ստանձնել, Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներին է անդրադարձել։

Ռուբեն Ջաղինյանը եւ Մարգարիտա Գրիգորյանը չարձագանքեցին այդ դիտարկմանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930