ՋՈՒՐ ԲԵՐՈՂԻ ՄԱՍԻՆ
Պատահում է, չէ՞, որ չափազանց ծարավ լինելով, մի բաժակ ջուր ես խնդրում մեկից, և հանկարծ, բերում է բաժակ՝ որը կիսատ է լցված…
Խմելուց առաջ՝ բացակա ջրի մասին ես մտածում, մասնավորապես, որ այն քեզ մատուցվում է շատ մեծ բաժակով, ինչն ավելի է շեշտում չլցված ջրի չափը:
Այնքա՜ն նման է պատկերը՝ մեզ և մեր Մշակույթին…Այդ մեծ, կրկնում եմ ՄԵԾ՝ սակայն մշտապես կի՛սա-լեցուն բաժակը, որը ո՛չ մեզ է հագեցնում, ո՛չ ուրիշներին…
Ես այդպես էլ պիտի չհասկանայի մատուցված բաժակի կիսալիքը- կիսադատարկ լինելու ո՜ղջ գաղտնիքը, եթե չլիներ հիշողությունս և սովորույթս՝սեփական անձիս հետ բաց ու ազնիվ մենախոսելու, որն էլ ինձ հանգեցրեց մի պարզ ու համոզիչ եզրակացության…
Բաժակի մեջ լցված ջրի քչությունը չէ, որ խանգարում է հագենալ…Այլ, այն ներքին, հաճախ անբացատրելի գիտակցությունը, որ մենք արժանի ենք մեր բաժակի իրական խորության չափով ջուր խմել, որովհետև այդքան ծարավ կարող է լինել միայն երկար, շատ երկար ճանապարհ անցած մարդը, ով հայտնվել է անհարմար վիճակում և ում անընդհատ ծարավի մատնելով , շեշտում են մի կարևոր բացակայի անվերջ ներկայությունը, «հարամելով» եղած քիչը, և թողնելով նրան «դատարկ տաշտակի առջև»:
Իսկ բացական դա ո՛չ շնորհն է, ո՛չ տաղանդը, ո՛չ էլ նույնիսկ մարդկային հանճարը… Բացական միշտ եղել է և է՛ այն ջուր բերող մարդու կիսատ- պռատ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈ՛ՒՆԸ, որն ըստ բացատրական բառարանների, «իր անձի նկատմամբ ունեցած հարգանք», կամ՝ «իր իրավունքների՝ արժանիքների գիտակցություն»- է նշանակում:
Լավ էր, որ բառարաններում բառը գտա…
*****
« ՄԵԾԵՐԸ »
Տարիներ առաջ, երբ «երիտասարդ, տաղանդավոր գրող» էին ինձ համարում, մի գրական մրցանակաբաշխության մասին իմանալով, կյանքում առաջին անգամ՝ որոշեցի մասնակցել և ուղղվեցի գրողների միություն, որին ոչ անդամակցել եմ, ոչ էլ անդամակցում եմ հիմա, սակայն, քանի որ ըստ օրենքի՝ դիմողները պետք է միության միջոցով ներկայացնեին իրենց ստեղծագործությունները, միամիտս, ջահելս, ռոմանտիկս, իմ պոեմներից մեկով ցանկացա ներկայանալ, ոչ թե մրցանակի արժանանալու ակնկալիքով, այլ պարզապես Սփյուռքից՝ դեռևս մի քանի տարի առաջ Հայաստան եկածիս ներկայության մասին, գրական շրջանակին ծանոթացնելու համար…
Գրողների միության նախագահը, ով ճանաչում էր ինձ, «հայրական» գուրգուրանքով պոեմս վերցրեց ձեռքը և ընթերցելու աննշան ջանք անգամ չանելով, կիսաժպիտով՝ ուսերիս վրա իր «մեծի» ափերը թփթփացնելով ասաց. – Նուշի՛կ ջան, ուրախ եմ, որ ցանկանում ես ներկայացնել գործդ, բայց միանգամից ասեմ, որ էնտեղ արդեն «գելեր» են ներկայացված. չեմ կարծում որ քո մասնակցությունը հիմա իմաստ կունենա:
«Գելեր» ասելով, նա նկատի ուներ այդ օրերի գրականության մեծերին…Այն երևելիներին, որոնցից յուրաքանչյուրը վայելում էր իշխանական վերնախավի համակրանքը և ուրեմն, «գել» լինելը նախապայման ուներ… Իսկ ես, քանի որ ժանիքավոր չէի, պոեմիս գրքույկը նվեր թողնելով՝ դուրս եկա միության շենքից, որոշելով երբե՛ք չմեծանալ՝ «Գել» դառնալու գնով, առավել ևս, որ իմ իմացական աշխարհում, գայլի հականիշը՝ ոչխարը չէր բնավ…
Եվ ես հասկացա, որ դա ընդամենը մտածողություն էր, և մտածողության այդ ձևը ցավոք՝ ապրում է նաև այսօր…Եվ մեր երկրում, գրեթե բոլոր- բոլոր ասպարեզներում, փաստորեն, կա՛մ պիտի «գել» լինես, կամ՝ պարզապես պիտի դատապարտեն քեզ չլինելու…Եվ գուցե այդ մտածողությունն է եղել պատճառը, որ մտավորականների, արվեստագետների, գիտնականների, մի խոսքով՝ մտածող- ստեղծագործողների մի ստվար զանգված, կա՛մ գիշատիչ է դարձել ու դառնում, կամ՝ կախ-վիզ մատաղացու…Իսկ երրորդ տեսակը՝ այն իրակա՜նը, այն բարոյակա՜նը, այն արժանապատի՜վը…Դա այն լի՜քը բաժակ ջուրն է, որի մեծ հատվածի դիմաց կա՛մ արհեստական պատ է դրվում, որպեսզի ծարավածներն ուզեն՝ թե չուզեն կիսատ բաժակից խմեն, կամ՝ լիքը ջրով բաժակն ընդհանրապես չի մատուցվում՝ թեպետ ներկա է՝ ԿԱ՜…Ու միա՛կ հագեցնողն է…
*****
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱԿԱ- ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես Պլատոնն է ժամանակին ճշգրտորեն ասել՝ « Պետություններն ու մարդկությունը պիտի չկարողանան իրենց դժվարություններին վերջ տալ, մինչև չթագավորեն փիլիսոփաները, կամ՝ մինչև թագավորներն իրե՛նք փիլիսոփա չդառնան…»
Եթե ընդունենք, որ սա շա՜տ հնացած համոզմունք է, ապա այն առնվազն պետք է կարողանանք համարժեք նորով փոխարինել…Մինչդեռ, որքան խորանում ենք պատմության մեջ, այնքան ավելի՛ համոզիչ է դառնում վերը նշվածի ճշմարտացիությունը…
Չի՛ կարող անգաղափար և անփիլիսոփա իշխանությունը պետության ու ժողովրդի առջև ծառացած լուրջ խնդիրները լուծել. իսկ եթե համաձայնենք, որ մեր նորագույն պատմության իշխանություններից և ո՛չ մեկը գաղափարական ու փիլիսոփայական հենքի վրա չի մտադրել կառուցել մեր պետությունը, ապա մնում է մեզ որոնել նրանց՝ ովքեր իշխանությունների փոխարեն պետք է դա անեին…
Իսկ որտե՞ղ պետք էր որոնել նրանց՝ փիլիսոփաներին կամ իմաստասերներին, ում հաճախ «մտավորական» անունն ենք տալիս, կամ ստեղծագործ- գաղափարակիրներին, որոնց հաճախ «մշակույթի գործիչ» ենք անվանում, երբ նրանց մեծ մասը կամ վերոնշյալ «գել»ն է դարձել վաղուց, կամ գլխահակ «ոչխարը», կամ էլ այն երրորդն է նա՝ որին այնպե՛ս են թաքցրել մեր հեռուստաեթերներից, բեմերից , կամ այս ու այն երևելի հարթակներում կայացած հավաքներից, որ մնացել ենք մի խոշոր ՍՈՒՏԻ և մի՛ ասեղով պայթող ՓՈՒՉԻԿԻ գերին, մերթ ստրկաբար, մերթ հիպնոսացած՝ ընդունելով, որ մեծություն է նա՝ ում առավել շեշտադրված մատնանշում են իշխանությունները և ճիշտ է նա՝ ով «վերևի» բարձրախոսով է խոսում…
Բայց եթե իրո՛ք ՄԵԾ է նա…Եվ եթե իրո՛ք ՃԻՇՏ է նա…Բա ո՞րն է այն փիլիսոփայությունը, այն գաղափարը որը հենքն է իմ ու քո պետության և ո՞րն է այն համախմբող, թև ու ոգի տվող նպատակը, որի համար և որի շնորհիվ պետք է և պարտավոր ենք ապրել ու գործել…Եվ արդյոք ո՞րն է այն վերանձնական ապագան, որին ձգտում ենք բոլորս…
Եվ ի վերջո՝ ի՞նչ մեծ երաժիշտ, եթե փիլիսոփա չէ…Եվ ի՞նչ մեծ գրող, եթե փիլիսոփա չէ, և ի՞նչ մեծ դերասան, եթե փիլիսոփա չէ, և ի՞նչ մեծ ճարտարապետ, եթե փիլիսոփա չէ, և ի՞նչ մեծ նկարիչ, եթե փիլիսոփա չէ…
Հ.Գ. Իսկական մտավորականը՝ էությամբ փիլիսոփան է…Մեր դեպքում՝ նաև խիզախ, արժանապատի՛վ փիլիսոփան…Իսկ «գելերը» ցավոք՝ փիլիսոփա լինելուց այնքան հեռու են, ինչքան կարմիր գլխարկը՝ Սասունցի Դավթից:
ԲՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԲԱՆԱԼԻ…
Իսկ ինչո՞ւ է այդ բառը հիմա նսեմացել, կենցաղային ու առօրյական դարձել այնքան, որ արդեն շատերի քմծիծաղն է առաջացնում…
Ասեմ: Աղավաղված է ներկայացվում բառի բուն էությունը:
Բուն Մշակույթը դա այն ամենն է, ինչ ստեղծվում է մարդու կողմից: Տիեզերքը, բնությունը, ցերեկն ու գիշերը …Մի խոսքով, այն ամենն ինչ մարդաստեղծ չէ՝ Մշակույթ չի կոչվում…Մշակույթը մարդո՛ւ ստեղծածն է և այն չի՛ սահմանափակվում միայն արվեստներով:
Լեզուն, գյուղատնտեսությունը, շենքերը, պատրաստվող ուտեստը, տիեզերանավը…Ամեն, ամեն ինչ՝ ինչ մարդն է ստեղծում, դա Մշակույթ է. իսկ արվեստը, դա Մշակույթի մեկ թևն է միայն:
Մշակույթ ունենալ, նշանակում է ապագա՛ ունենալ…Եվ ապագան տեսնելը պայմանավորված է՝ այսօ՛ր Մշակույթ ունենալով: Ապագան տեսնող մարդու կյանքը իմաստավորվում է, հետևաբար, մարդն սկսում է հենց այսօրվանից՝ ապագայի կերտմանը մասնակցել… …Իսկ երբ չկա ապագայի տեսիլքը, մարդը ամեն գնով փորձում է գտնել ա՛յն երկիրն ու միջավայրը, որտեղ նա կկարողանա ապագա կերտելու մարդկային ամենաբնական պահանջին ինչ-որ չափով հագուրդ տալ:
Երբ Մշակույթի ոլորտն են թուլացնում, ուրեմն՝ երկրիդ, ժողովրդիդ, Ազգիդ ապագան են թուլացնում, ինչից էլ առաջանում են մասշտաբային արտագաղթի ալիքները, հուսալքություններն ու հիասթափությունները:
Նկատած կլինեք, որ երբ մեր մոլորակն իշխող ուժերը այս կամ այն երկրի ջախջախումն են ցանկանում, առաջին հերթին մշակութային արժեքներն են փորձում տապալել ու վերացնել…Եվ տարբերություն չկա՝ Ազգային Մշակույթը ռումբո՞վ կպայթեցնեն, թե՞, ավելի «մեղմ» կգտնվեն ու կփչացնեն տվյալ Ազգին պատկանող լեզուն, հեռուստաեթերի բովանդակությունը, նրա երգերը, պարերը կամ ճարտարապետությունը…
Նու՛յնն է նպատակը, տարբեր են օգտագործվող «ականները»…
Եվ եթե ցանկանում ես գնահատական տալ սեփական երկրիդ ղեկավարներին, ընդամենը հայացք գցիր ու հետևիր, թե ինչպես են նրանք վերաբերում սեփական Մշակույթին…Ու դու կունենաս քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
ԵՐԿՈՒ, ԿԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ՝ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՄԻ «ԲՈՅԻ»
Ամենաշատը կյանքում զարմացել եմ, երբ բառարաններից դուրս՝ քծնանքի ու շողոքորթության եմ հանդիպել, մասնավորապես, երբ դա անում են սեփական երկրի այս կամ այն ղեկավարի հանդեպ, չհասկանալով, որ երկրի ղեկավարի անխելքը չկա, և ամենաանխելք թվացող ղեկավարն անգամ, ներքուստ՝ զզվելով՝ զզվում է իրեն քծնողներից և ատելով՝ ատում է շողոքորթներին…Չէ՞ որ քծնելը՝ դիմացինին չհարգելո՛ւ նշան է …
Իսկ երբ քծնանքին գումարվում է եսապաշտությունը, երեսպաշտությունը, կոչումախտը, նաև շահամոլությունը, նաև աթոռ կորցնելու «ֆոբիան», նաև, սայլը՝ ձիուց առաջ ճանապարհ հանելու մարմաջը, նաև՝ միայն ու միայն անձնակա՛ն, թեկուզ և ստեղծագործական այս կամ այն խնդրի լուծման համար հատուկ՝ ղեկավարի համար երգվող «սերենադը», հասկանում ես, որ ծնկներդ ծալվում են, սակայն ո՛չ թե «Հայաստան ասելիս», այլ՝ նման «մտավորականներ» տեսնելիս, և ծալվում են ոչ թե սիրուց՝ այլ ամոթից, ոչ թե պաշտամունքից՝ այլ ոգուդ ծարավը, վերստին՝ կես բաժակ մշակույթով հագեցնելու անհնարինությունից:
Իսկ Մշակույթը նույն ինքը՝ երկրի դրոշն է, երկրի անվտանգ սահմաններն են, երկրի օրհներգն է, երկրի ոգին է ու միտքը, որի «գործիչների» անհեռանկարայնությունն ու ապա-փիլիսոփայական, ապա-գաղափարական մտահոգությունները, ստիպում են ոչ թե պարզապես մտահոգվել, այլ ընդվզել ու վերջապես ասել՝ – Դու չե՛ս այն մտավորականը, դու չե՛ս այն փիլիսոփան, դու չե՛ս այն գաղափարակիրը, դու չե՛ս այն երաժիշտը, դու չե՛ս այն ռեժիսորը, դու չե՛ս այն դերասանը, դու չե՛ս այն երգիչը, գիտնականը, կամ գրողը, ով իմ ու մեր երկրի վերանձնական խնդիրները լուծելու ունակ միտքն ու ոգին ունի՝ սիրտն ու ներուժը…Ու քանի որ դու չես՝ ուրեմն, ընդունի՛ր պարտությունդ և խոստովանի՛ր, որ մեղավոր ես եղել, որ լռել ես, երբ ամենաշատը քո՛ խոսքի կարիքն ուներ Հայոց ոգին. մեղավոր ես եղել որ քծնել ես, երբ քեզ՝ ամենաարժանապատիվ կեցվածքով տեսնելու կարիքն ուներ Հայոց աչքը. մեղավոր ես եղել, որ չե՛ս ստեղծել ա՜յն իսկապես հսկա արժեքը, որը կմաքրեր մեր ու մեր Մշակույթի վրա նստած հազար տարվա փոշին…
Ու հիմա, երբ երեկվա «երիտասարդ գրողը» չեմ այլևս, տարիքս առնելով՝ ասում եմ.
-Պարոնա՜յք և տիկնա՜յք հայտնիներ, կիսամտավորականներ, կիսամշակույթի կիսագործիչներ…Եթե դուք եք «ջուր բերողը», ապա լցրե՜ք…Մինչև վե՜րջ լցրեք մեր ԲԱԺԱԿԸ …Լցրե՜ք այն ամենամաքո՛ւր, ամենաազնի՛վ, ամենաառողջարա՛ր, ամենաազգայի՛ն ու ամենատիեզերակա՛ն ՄՇԱԿՈՒՅԹՈՎ, որը ոչ միայն փիլիսոփայությա՛մբ կզինի մեր երկրի Առաջնորդներին, այլև կհարթի մեր Ազգի առաջ ա՛յն ճանապարհը, որի վրա քայլելը պատի՛վ ու հաղթանա՛կ կլինի յուրաքանչյուրիս համար:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ « ՋՈՒՐ» ԾԵԾՈՑԻ՞…
– Պատկերացրեք երկիր՝ որի ղեկավարները հրավիրում են հինգ իրական մտավորականի ( թեկուզ մեծ դժվարությամբ նմաններին գտնելով) ու նրանց շնորհում են անձեռնամխելիություն, ինչպիսին ունեն Ազգային ժողովի պատգամավորները: Այդ հինգ մտավորականների աշխատանքը պետք է լինի առավոտից՝ գիշեր, երկրի թագավորին ցույց տալ իր և ժողովրդի «մերկությունը»…Այն մտավորականը ով կթերանա ու չի կատարի իր պարտականությունը, ժողովրդի աչքի առջև՝ օրենքով, կզրկվի մտավորականի իր կոչումից:
Կունենայինք աշխարհի ամենապատշաճ հագնված թագավորն ու ժողովուրդը:
– Պատկերացրեք երկիր, որը հատուկ՝ լուրջ մասնագետներից բաղկացած մի մարմին է ստեղծում, որն իր հավաքական ԳԼԽՈՎ, պետք է կարողանա ճշգրիտ գնահատել երկրի Մշակույթն ու մշակութային «կապիտալը», հասկանալու համար, թե իրականում ի՛նչն է ավելորդ և ի՛նչն է պակասում Մշակույթին, որպեսզի այն կարողանա ապահովել երկրի ու ժողովրդի ոգո՛ւ անվտանգությունը, ապա նաև՝ ոգեղենի բարձրացումն ու կատարելագործումը:
– Պատկերացրեք երկիր՝ որն ունի Սփյուռք ( մեզ դա հեշտ կլինի պատկերացնել)… Եվ մի խորը շունչ քաշելով, երեվակայեք, որ երկրում գործող Մշակույթի նախարարությունն ունի իր ենթակառույցները Սփյուռքում, ովքեր մեր Ազգային Մշակույթի որդեգրած քաղաքականության վրա հիմնվելով, պետք է մեր Մշակույթը տարածեն աշխարհի կարևորագույն երկրներում…(Պատկերացրեցի՞ք):
– Պատկերացրեք երկիր, որն ունի Մշակույթին ծառայող հսկա համազգային ֆոնդ, որի կարիքները, ըստ երևակայական մի օրենքի, հոգում են տվյալ երկրի անունն իրենց գիտակցության մեջ կրող ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ: Պատկերացրեք, ֆոնդի ստեղծումից տաս տարի անց, Մշակույթի ոլորտում գրանցված հաջողություններից ստացված լուրջ եկամուտը, որի տոկոսներով միայն՝ Մշակույթը կշարունակի ինքնաբավ լինել, շարունակելով զարգանալ ու հարստանալ:
– Պատկերացրեք երկիր, որն իրեն հայտարարում է «ԲԱՐՁՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ» որը հատուկ օրենք է ընդունում ՄՇԱԿՈՒՅԹ – ՄԱՄՈՒԼ – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ խորագրով ու երկրի ղեկավարների կողմից հատուկ ստեղծված Մշակույթի գնահատման մարմինը, ոչ թե լոկ հայտնիների շուրջ է ծավալում իր գործունեությունը, այլ որոնում , ուսումնասիրում , ու գտնում է այն մարդկանց, ովքեր ոչ միայն մեր, այլև աշխարհի՛ Մշակույթի բաժակը նույնպես կարող են մինչև բերան՝ ՋՐՈՎ լցնել:
Հ.Գ. Մի գուցե պատկերացումների շարքը շարունակեք ինքնե՞րդ…
Նուշիկ Միքայելյան
. ըստ ծանօթ ասացուածքի… կէս բաժակ ջուր տեսնելով, կայ անձ որ ուրախանում ու բացականչում է՝ «ինչ լա՜ւ, բաժակին կէսը լեցո՛ւն է», եւ կայ անձ որ մռայլօրէն մռթմռթում է՝ «սա ինչ բան է… բաժակին կէսը դատարկ է…»
սա ել իմ կողմէս, այժմէական յաւելում՝ եւ կայ նաեւ անձ որ, նոյնիսկ եթէ բաժակը լեփ-լեցուն լինի, էլի դժգոհելու եւ գանգատելու է՝ «բա, կուժը ո՞ւր ա»… լեցուն կուժը որ բերեն՝ «իսկ աղբի՞ւրը»… աղբիւրին որ տանին, զայն տան իրեն՝ «է՜հ, լաւ չի հոսում», եւ այսպէս, յաւերժօրէն…
Նուշիկ ՄԻքայելյանի հոդվածները` ծացալուն ու տարողունակ, միշտ էլ կարդացել եմ հաճույքով ու հուզմունքով: Մտավորականին (բառիս խորքային իմաստով) հարիր, ձեռքը միշտ սեփական ժողովրդի ու երկրի մռահոգող ու տագնապեցնող ներկայի ու ապագայի զարկերակին: Շնորհակալ եմ, Նուշիկ, քանիզի գրում եք այն ամենի մասին, ինչով քնում ու արթնանում եմ ինքս… գրում եք սրտիցս: ՄԻշտ նախանձել եմ ջրաներկով նկարողներին ու զգացականը ճշգրտորեն ընթերցողին փոխանցել կարողացող վարպետ գրողներին: Ու եթե անգամ միտքս կոռեկտ չհնչի, թույլ տվեք չթաքցնել հիցմունքս և ասել, որ ես էսպիսի մշակույթի նախարար եմ ուզում: Մարդ ով արվեստաբան է, գրող, երաժիշտ, վերլուծական միտք ունի և գործարար ձիրք; Ուրիշ էլ ինչ է պետք: Ծրագիրն իր գլխում ու սրտում է` սերված հայուհու անթերի նկարագրից, մերված առօրյային ու կենսակերպին: Ու վստահ եմ. չունի ,,դաշտը դիագնոզելու,, կարիք: