Այսօրվա ասուլիսի առիթով Երեւան ժամանած ռուսաստանաբնակ հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, խոսելով գործարար Արթուր Սողոմոնյանի՝ աշխարհի առաջնության օրերին համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ Երեւանում հանդիպում կազմակերպելու գաղափարի մասին, ասաց. «Երբ Արթուր Սողոմոնյանը Խորեն Հովհաննիսյանի հոբելյանի առիթով նմանատիպ հանդիպում էր այստեղ կազմակերպել, դա բացառիկ իրադարձություն էր Հայաստանի համար: Անկեղծ ասեմ՝ ես շոկի մեջ էի, թե Հայաստանում ինչպիսի հոգատարությամբ ու սիրով դիմավորեցին եվրոպական ու խորհրդային ֆուտբոլի վետերաններին: Ես լավ գիտեի, որ Հայաստանում ֆուտբոլ սիրում են, բայց այդքան բաց ու այդքան շա՞տ…: Այն ժամանակ իրենք՝ ֆուտբոլիստներն էլ էին խոստովանում, որ երբեւէ ու ոչ մի տեղ այսքան մեծ ուշադրության իրենք չէին արժանացել: Իսկ երբ Արթուր Սողոմոնյանը միտք հղացավ այս ամռանը Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի աստղերի միջեւ հանդիպում կազմակերպել, ես հիացած եմ: Ու վստահ եմ, որ այս հանդիպմանը Երեւան կգան ավելի մեծ թվով ու ավելի վառ անուններ»:
Արթուր Սողոմոնյանը այստեղ ավելացրեց. «Քանի որ աշխարհի առաջնությունն ընթանալու է Ռուսաստանում եւ այն մենք բերում ենք Հայաստան, ես Նոբել Առուստամյանին խնդրել եմ նույնպես մասնակցել միջոցառմանը եւ որպես Ռուսաստանի լավագույն մեկնաբաններից մեկը լուսաբանել այդ խաղը: Ասեմ նաեւ, որ հուլիսի 6-ից 8-ը Երեւանի «Ազատության» հրապարակում ֆան գոտիներ են կազմակերպվելու եւ նպատակ կա դրանք լուսաբանելու համար հրավիրել Ռուսաստանի նաեւ այլ մեկնաբանների եւս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ