Aravot.am-ի տեղեկություններով Լոռու մարզում դադարեցվում է խոշոր ներդրումային ծրագիր: Խոսքը Լոռիում լեռնադահուկային կենտրոնի մասին է, որը նախատեսել էր կառուցել «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն:
Նախկին իշխանությունների ժամանակ՝ մասամբ օտարերկրյա ներդրումներով այս ծրագրի իրականացման համար կառավարության նիստերից մեկում, այս տարվա մարտի 6-ին որոշման նախագիծ է հաստատվել, որով «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրվել է ձեռք բերել 584 հա հողատարածք եւ կատարել ուսումնասիրություններ, չափագրումներ եւ այլն: Ծրագիրը նախատեսված էր իրականացնել Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում՝ Մայմեխ լեռան փեշին, նախատեսվում էր մինչեւ 300 հա դահուկային սահուղիներ եւ արահետներ, 3 ճոպանուղի եւ լեռնադահուկային ուղիներ կառուցել՝ 2570 աշխատատեղերով:
Սակայն հիմա ներդրողները, ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, մտադիր չեն ծրագիրն իրականացնել. նրանք պատճառաբանում են, թե հիմա Հայաստանում անորոշ իրավիճակ է, առաջիկայում հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն, եւ դեռ պարզ չէ՝ ինչ կլինի, ուստի, ռիսկային է խոշոր գումարների ներդրումը:
Լոռիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված լեռնադահուկային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն, ինչպես Կարեն Կարապետյանի օրոք կառավարության նիստում էր ներկայացվել, նախատեսում էր կատարել մոտ 30 միլիարդ դրամի ներդրում, որից՝ 14,5 միլիարդը՝ լեռնադահուկային ենթակառուցվածքների ստեղծման համար, 15 միլիարդն էլ հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծմանը:
Ընդ որում, կառավարություն ներկայացրած այս ծրագրում գրված է՝ «Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո համայնքներում, մինչեւ 30 մլրդ ներդրում կատարելու նպատակով, արդեն իսկ ընտրված է «Ecosign» միջազգային լավագույն կազմակերպությունը տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար, որը նախագծել է այնպիսի հանգստավայրեր ինչպիսիք են Սոչիի Օլիմպիական Քաղաքը եւ Պխեն Յանի օլիմպիական սահուղիները»:
Ծրագիրը կառավարությունում ներկայացնելուց մեկ ամիս հետո «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրինությունը դեռ չէր մտքափոխվել, ընկերության տնօրեն Մհեր Բաղդասարյանը այս տարվա ապրիլի սկզբին լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ծրագրին, նշելով, որ այն նպաստում է լեռնադահուկային սպորտի եւ էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:
Aravot.am-ը պարոն Բաղդասարյանից փորձեց ճշտել ծրագրի դադարեցման մասին լուրերը, սակայն Բաղդասարյանը ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց: Մհեր Բաղդասարյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել առաջիկա օրերին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ