Մոտավորապես այդպիսի նպատակ է իր առջեւ դրել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում գործարարը նշեց, որ երեք տարի առաջ Խորեն Հովհաննիսյանի հոբելյանի առիթով իր կազմակերպված միջազգային ընկերական հանդիպումը լավ տպավորություն էր թողել հրավիրված հայտնի ֆուտբոլիստների վրա եւ Հայաստանում էլ այդ օրը իսկական ֆուտբոլային տոն էր:
«Մեծ ցանկություն կար, որպեսզի դա Հայաստանում վերջին ֆուտբոլային տոնակատարությունը չլինի: Եվ մենք չէինք կարող չօգտվել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղ ենք կազմակերպել Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի համաշխարհային աստղերի թիմերի միջեւ: Մենք ցանկանում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից բերել Հայաստան: Այսինքն, Հայաստանը, որը ցավոք չի մասնակցում ֆուտբոլի այդ գլխավոր մրցաշարին, երեք օր կդառնա աշխարհի առաջնության անդամ», – ասաց Արթուր Սողոմոնյանը: Նա նաեւ նշեց, որ դրա համար կազմակերպական հսկայական աշխատանքներ են իրականացվում, ընդհուպ մինչեւ ՖԻՖԱ-ի հետ բազմաթիվ հարցեր համաձայնեցնելը:
Նախաձեռնության հեղինակը տեղեկացրեց նաեւ, որ միայն հունիսի 8-ին կայանալիք այդ հանդիպումով չեն սահմանափակվում: Երեք օրվա ընթացքում կիրականացվեն մի ամբողջ շարք ֆուտբոլային միջոցառումներ, որոնց մասին ավելի մանրամասն կտեղեկացվի FSEREVAN.COM կայքում (Այսուհետեւ սա է լինելու «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքը: Ա. Հ.):
Հունիսի 8-ը պատահաբար չի ընտրվել: «Դա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչներից առաջ առաջին հանգստյան օրն է: Եվ ես կարծում եմ, որ երեւանյան այդ հանդիպմանը ուշադրություն սեւեռված կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Առավել եւս, որ մեզ հյուր են լինելու իտալացի բավականին թվով ֆուտբոլիստներ, որոնց երկիրը չկարողացավ անցնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Ես մեծ հույս ունեմ, որ այդ երեք օրերը Հայաստանում կանցնեն շատ լավ, այնպես, ինչպես հայերի մոտ միշտ է ստացվում նման դեպքերում», – ասաց Արթուր Սողոմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ