Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնումների ոլորտում չարաշահումներ են հայտնաբերել. «Մի դեպքով չարաշահման ուղարկել եմ ԱԱԾ, դա գնումների մասով չարաշահում էր, ես հասկացա, որ պետք է ընթացք տալ դրան: Բարձր գնով գնվել է մի ապրանք, որը 3 անգամ ավելի էժան է: Ներքին աուդիտն է բացահայտել: Ենթակա հիմնարկների հետ է կապված, դրանից ավելի բան չեմ կարող ասել»:
Նախարարն ասաց, որ բացի այդ, անարդյունավետ բաշխումներ են եղել, որը մեր պետությունն իրեն չէր կարող թույլ տալ. «Եթե մենք ունենք որեւէ հիվանդությունից մահացող մարդ, երեխա՝ գումարի բացակայության պատճառով, քանի որ պետությունը այդ ծախսերը չունի, չի կարող իր գրպանից տալ, մենք չենք կարող մեզ այդ շռայլությունը թույլ տալ: Խոսքը գնում է առողջարանային բուժման մասին, երբ պետությունը առողջարանային բուժման է ուղարկում: Ի սկզբանե դա վատ գաղափար չէ, երբ մնացած բոլոր հարցերը լուծված են: Հիմա պայմանագրերի վերանայում ենք անում, իջեցնում ենք գումարները, որ չծախսվեն: 100 մլն-ի երեկվա դրությամբ իջեցրել ենք»:
Նա ասաց, որ գների վերանայման շնորհիվ խնայողություն կանեն ու ավելի շատ մարդկանց կկարողանան ծառայություն մատուցել, որ իրենք չընկնեն մահացու վիճակների մեջ:
Նախարարն ասաց, որ մի բուժհաստատությանը գումար են տվել, արդյունավետ չեն ծախսել. «Կամ նկարվել է այդ գումարները, այդպիսի դեպքեր էլ հավանաբար կլինեն, մենք արդեն ուսումնասիրում ենք, բոլորը կիմանան, թե այդ բուժհաստատությունը որն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ