Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Մենք առաջիկա 10-15 տարիներին կարող ենք ունենալ աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը

Հունիս 05,2018 16:13

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որին մասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ողջույնի խոսքում Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը կարևորել է հանդիպումը` ընդգծելով, որ Հայաստանում նոր օր է բացվել, և կրթության ոլորտում աշխատող միջազգային գործընկերները նպատակ ունեն համատեղ ուժերով գտնել ոլորտի զարգացման լավագույն ուղիները:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կրթության զարգացման առաջիկա տեսլականը` 5-10 տարիների կտրվածքով: «Կրթության և, ընդհանրապես, որևէ առաջընթացի համար շատ կարևոր է ունենալ երազանք: Այդ երազանքն էր, որ թույլ տվեց մեր երկրում շրջադարձային փոփոխություններ իրականացնել: Ես համոզված եմ` երբ կա երազանք, գործի կարևոր կեսն արդեն արված է: Մենք առաջիկա 10-15 տարիներին կարող ենք ունենալ աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը: Դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. և’ կրթական ոլորտի մեր ավանդույթները, և’ Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա ռեսուրսները թույլ են տալիս երազել և խոսել այդ մասին»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն այս համատեքստում առանձնացրել է մի քանի կարևոր սկզբունքային նպատակներ, որոնք պետք է դառնան կրթական արդյունք. «Օրինակ` ինչ վերջնարդյունք ենք ակնկալում հանրակրթության ոլորտում. դպրոցն ավարտող աշակերտը պետք        լինի մտածող, վերլուծող, ազատ քաղաքացի: Մենք ժառանգել ենք խորհրդային կրթական համակարգը, որտեղ առավելապես ձևավորվում էին կարծրատիպերով առաջնորդվող քաղաքացիներ: Խորհրդային ավանդույթի կարծրատիպերից էր նաև կրթության որակը կուտակված գիտելիքի մեխանիկական ծավալով գնահատելը, որը մեր համակարգի զարգացման խոչընդոտներից մեկն է: Մենք ուզում ենք ունենալ ազատ ուսուցիչ, որի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլև աշակերտին սովորեցնել` սովորել»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ Կառավարության նոր ծրագրում կրթությունն առաջին հերթին դիտարկվում է իրավունք, որի իրացումը պետք է ապահովի պետությունը:

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. սա հաջորդ կարևոր սկզբունքն է. «Վերջերս Փարիզում կայացած Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովում կրթության մատչելիության և հասանելիության հարցն ամրագրվել է ավարտական կոմյունիկեում: Կրթության հասանելիության խնդիրը բնորոշ է շատ երկրների. կրթությունը հասանելի է ոչ թե բոլորին, այլ որոշակի շերտերի, և սա գլոբալ խնդիր է: Հայաստանն այս առումով պետք է մի շարք քայլեր իրագործի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով»,-շեշտել է նախարարը:

Կարճաժամկետ կտրվածքով կրթության ոլորտի առաջնային խնդիրները, ըստ նախարարի, երկուսն են՝ համակարգի ապակուսակցականացում և կոռուպցիայի դեմ պայքար: «Դպրոցներում և բուհերում վերջին տարիներին ձևավորվել է արատավոր ավանդույթ, երբ կուսակցական տարբեր պատկանելիություն ունեցող ղեկավարները ոլորտում առաջնորդվել են իրենց քաղաքական շահերով, որն առաջացրել է անառողջ միջավայր: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր և դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, սակայն մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրում, ինչը զարմանալի էր: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որևէ դրամաշնորհ որևէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետև գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- շեշտել է նախարարը:

Միջնաժամկետ ծրագրերից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի վերափոխումը, ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգի արմատական բարեփոխումը, բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության համատարած հասանելիությունը, փոքր աշակերտական համակազմ ունեցող դպրոցների արդյունավետ կառավարման մոդելի ներդնումը, 12-ամյա կրթության համակարգի բովանդակային բարելավումը, մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի միջև արդյունավետ կապի ապահովումը:

Նախարարն ընդգծել է, որ նախորդ իշխանության կողմից որդեգրված փոքր դպրոցների օպտիմալացման մոդելն արդյունավետ չի եղել, հակառակը` կրթությունը դարձել է ավելի անհասանելի: Անդրադառնալով 12-ամյա կրթության հետ կապված համատարած հանրային դժգոհություններին, նախարարն ընդգծել է, որ հանրությունը համոզմունք ունի, որ հանրակրթության համակարգում վերջին 3 տարիներին աշակերտները կրթություն չեն ստանում. «Պատճառն այն է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ պատշաճ մակարդակի ծրագրեր չմշակվեցին: Մեր խնդիրն է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթության համակարգին, որպեսզի համատարած դժգոհությունը փարատվի: Որպես մոտեցում շեշտում եմ, որ 12-ամյա համակարգի պահպանումը շատ կարևոր է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագետներ պատրաստելու խնդրին անդրադառնալով` նախարարը նշել է, որ բուհերում մասնագիտությունների ցանկի վերանայման լուրջ քայլերի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում կարևոր է նաև միջին մասնագիտական որակյալ կրթության դերը. «Քոլեջում կամ ուսումնարանում սովորելով՝ կարելի է ավելի կարճ ճանապարհով մտնել աշխատաշուկա: Շատ դեպքերում մարդիկ գերադասում են բուհ գնալ, որովհետև քոլեջն ու ուսումնարանը չեն ապահովում որակյալ կրթություն, սակայն սա չափազանց կարևոր ոլորտ է»,-նշել է նախարարը:

Գիտության ոլորտի խնդիրներից պետական հատկացումների ծավալը երկրի Համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության տեսանկյունից ԿԳ նախարարը համարել է մտահոգիչ խնդիր. «Անշուշտ անհրաժեշտ է մեծացնել կրթության և գիտության ֆինանսավորումը: Սակայն բյուջեի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա ռեսուրսները ճիշտ և նպատակային բաշխման դեպքում ևս հնարավոր է բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծում տալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների կառավարման խորհուրդների նոր մոդելի ներդրմանը, բուհական համակարգի բարեփոխումներին, կառավարության նոր ծրագրի դրույթների և գործողությունների պլանի հստակեցմանը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն բոլոր կառույցների հետ` մասնավորապես կարևորելով աջակցությունը ինստիտուցիոնալ փոփոխությունների և կայուն արժեքների ստեղծման ուղղությամբ:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930