Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սարդարապատի հանդիսության ռեժիսոր. «Աբսուրդ է, որ մարդիկ մտածում են ռուսահաճության մասին»

Հունիս 05,2018 16:05

Հանրությունը բուռն արձագանքեց Սարդարապատում ՀՀ հիմնադրման 100-ամյակի հանդիսությանը «ներկա» «Կալինկային» ու «Կատյուշային»: Ոմանք դրանում մեղադրեցին նոր կառավարությանը, ոմանք էլ հանդիսությունը համարեցին նախորդ կառավարությունից ժառանգություն:

Քանի որ միջոցառման կայացմանն իր մասնակցությունն է ունեցել ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում հնչած քննադատություններին:

«Դրանք ընդամենը կարծիքներ են»,-ասաց Շահսուվարյանը: Նա հավելեց, որ ինքը միայն տեքստերի վրա է աշխատել, իսկ հիմնական «դերակատարները» Արտյոմ Մարկոսյանն ու Գեւորգ Ալթունյանն են:

Ռեժիսոր Արտյոմ Մարկոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հնչած քննադատություններին, ասաց. «Նախ այդ միջոցառման խորագրին, վերնագրին պետք է ուշադրություն դարձնել, դա հաղթանակների դար է, մեկ դարի ընթացքում հաղթանակներին եւ հայերի մասնակցությանն է վերաբերում: Այն ոչ թե զուտ Սարդարապատի 100-ամյակին էր նվիրված, այլ մեկ դարի հաղթանակներին, սկսած 1918-ից մինչեւ 2018թթ.: Խորագիրն ու մոտեցումն էր այդպիսին»:

Սոցցանցերում առկա այն քննադատություններին, թե ինչու, օրինակ, ոչ «Յարխուշտա», այլ հենց «Կալինկա» եւ «Կատյուշա», ինչի տակ այլ ենթատեքստ էր դրված, Արտյոմ Մարկոսյանը պատասխանեց. «Եթե Հայրենական մեծ պատերազմի շրջանին բնորոշ էին այդ ստեղծագործությունները, ի՞նչ ոչ նորմալ բան կա այդտեղ…Ռուսահաճության մասին խոսք անգամ չկա: Ընդհակառակը, այդ ամենում ընդգծված է հայերի մասնակցությունը:

Ոչ ոք չի կարող ժխտել, թե հայերն ինչպիսի մասնակցություն են ունեցել Հայրենական մեծ պատերազմին, ո՞նց կարելի է դա չհիշել, արժանին չմատուցել այդ մարդկանց: Ոչ մի ազգ Սովետական միության կրկնակի հերոս չի տվել, մինչդեռ մենք տվել ենք: Այնպես որ, աբսուրդ է, որ մարդիկ մտածում են ռուսահաճության մասին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930