Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը բյուջետային չարաշահումներ է բացահայտել

Հունիս 05,2018 15:58

«Դուք խոսեցիք մի քանի հոդվածների մասին եւ կոռուպցիա բառը չասացիք: Ես կտամ, ես նման բարդույթ չունեմ: Տարիներ շարունակ կրթական համակարգը նստած է եղել կոռուպցիայի թմրասեղի վրա եւ դուք դա շատ լավ գիտեք»,- այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նախարարին հորդորեց`զբաղվել ԵՄ-ից ոլորտին տրված դրամաշնորհների ծրագրերով: Ինքը վստահ է, որ այդ գումարները փոշիացվել են տվյալ համակարգի ղեկավարին կցված «լիպովի» կազմակերպությունների միջոցով, տարբեր անհեթեթ ֆլեշ-մոբեր անելով: «Զբաղվեք, շատ հետաքրքրիր թեման է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքը կոչ չի անում «հրապարակում կախաղան դնել եւ բոլորին կախել», բայց եթե որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, եթե «պիտի հավաքվենք, ասենք, խոսանք ու գնանք ամենքս մեր գործերին», որեւէ բան չի ստացվելու:

Նա հորդորեց, որ նախարարը զբաղվի նաեւ այն գումարներով, որոնք գնում են մեռելածին, մեկ համար տպվող, մարզային լրատվամիջոցներին:

Մինչ այդ, իր ելույթում Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Բյուջեում կան մի շարք տողեր, որոնք շատ խնդրահարույց են եղել եւ այժմ ուսումնասիրության փուլում են»: Խոսքը վերջին շրջանում բավական քննարկված գերազանցության ծրագիրն` Արարատյան բակալավրիատին հատկացվող 600 միլիոնի մասին է:

Ըստ նախարարի, նախորդ տարվա բյուջեում նաեւ կա մի տող, որը վերաբերվում է տարիներ շարունակ աշակերտների ամառային հանգստին: Դրա համար 480 միլիոն դրամ է հատկացվել. «Տարօրինակ թիվ է դրված`4800 աշակերտ է հանգստացել, առանձնացված են զոհված ազատամարտիկների, զինծառայողների եւ հաշմանդամություն ունեցողների երեխաները»: Արայիկ Հարությունյանն ասաց, որ Տարածքային կառավարման նախարարության հետ ուսումնասիրում են այդ թիվը. «Այն չի կարող տարիներ շարունակ անփոփոխ մնալ»: Կան դրամաշնորհային տարբերակով տրամադրվող գումարներ, տարբեր ամսագրերի, թերթերի բաժանորդագրմանը տրված մեծ ծախսեր, որոնք «տարբեր գրասենյակներից արված զանգի միջոցող ուղղված գումարներ են», շատ մեծ վերապահում ունեն վերապատրաստումներին հատկացվող գումարների մասով, Կրթության ազգային ինստիտուտին մեծ գումարներ են գնում: Նախատեսում են բարեփոխել այդ կառույցը: ԿԳՆ նոր ղեկավարները տարօրինակ են համարում, որ ատեստավորման ընթացքում ոչ ոք չի կտրվում:

Իսկ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ համակարգում կոռուպցիոն սխեմաները լավ գիտի, Երեւանի ավագանիում էլ է ուսումնասիրել: Տարբեր կազմակերպություններից միլիոնների դրամաշնորհներ են տվել նախորդ իշխանություններին`կոռուպցիայի դեմ պայքարի համար, որեւէ մեկն իր նպատակին չի ծառայել: Կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ եւ ինքը չի խուսափում իրերն իրենց անուններով կոչել:

Այսօր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ ասել է`կոռուպցիայի դեմ պայքարելու համար դրամի կարիք չունենք, մեր քաղաքական կամքը հերիք է: Դպրոցներում բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներ կան, բայց ժամանակը չի ներել ամբողջին փաստերով ծանոթանա: Ասաց, որ այսօր խոսեց այն կետերի մասին, որոնք ակնհայտ էին եւ բյուջեի տողերով էին: Ամեն տողի համար բացվածքներ է պահանջել:

Նաիրա Զոհրաբյանը խնդրել էր, որ նախարարն անդրադառնա նաեւ ԱՅԲ դպրոցի էպոպեային. ինչո՞ւ է այդ դպրոցը տարիներ շարունակ բյուջեից հսկայական գումարներ ստացել: Արայիկ Հարությունյանն ասաց, որ ԱՅԲ-ի անունը հնչեցնում է Սերժ Սարգսյանի կրթության գծով նախկին խորհրդական տեր Մեսրոպ Արամյանը`փորձելով սրա մեջ ներքաշել ԱՅԲ-ին, բայց այն խնդիրները, որոնց մասին ինքը խոսել է, կապված են եղել տեր Մեսրոպի քաղաքական գործունեության եւ կրթական ոլորտում նրա բացասական ազդեցության հետ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930