Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշ վերլուծաբաններ գնահատեցին, որպես չնչին ու անվնաս դրվագ, իսկ դրանց վերաբերյալ Նախագահ Տեր-Պետրոսյանի ահազանգը` որպես անտեղի խուճապի սերմանում:
Եթե այդպես է, նրանք պարտավոր են բացատրել, թե այդ դեպքում ինչ իմաստ ունեին ցուցարարների և ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև կայացած երեքօրյա ինտենսիվ և լարված բանակցությունները, ԼՂՀ Ազգային ժողովի թեժ արտահերթ նիստը, զույգ վեհափառների մտահոգ արձագանքները, ԼՂՀ Պաշտպանության նախարարության խիստ զգուշացումը, Դաշնակցության Արցախի կոմիտեի ու Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունները և, վերջապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը: Այս ամենը մի՞թե չի նշանակում, որ Ղարաբաղում ստեղծված լարվածության նման արագ և բարեհաջող հանգուցալուծումն արդյունք էր հենց Առաջին նախագահի ճիշտ պահին հնչեցրած ահազանգի:
Դեպքերի նման զարգացումն այնքան ակնհայտ է, որ խնդրո առարկա վերլուծաբանները դժվար թե դա չընկալեին: Ուստի նրանց արտառոց դիրքորոշումը նույնիսկ ոչ այնքան թեթևամտության, որքան սադրանքի արտահայտություն կարելի է նկատել:
Այս առումով ուշագրավ է մանավանդ այն փաստը, որ նրանք այդպիսի դիրքորոշմամբ հանդես եկան ոչ թե նշված ահազանգից անմիջապես հետո, այլ, երբ արդեն հանգուցալուծումը, ըստ էության, կայացած էր, ինչն, իր հերթին, բացատրելի է հետին թվով մտքի տիտան և իմաստուն ձևանալու տարածված հիվանդությամբ:
Արման ՄՈՒՍԻՆՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ