«Բացառվում էր, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններն իրենց ազդեցության ալիքը չհասցնեին Արցախ»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
Ըստ պարոն Եղիազարյանի՝ մարդիկ տեսնում են, թե ինչպես Հայաստանում հաջողվեց իշխանափոխություն և նույն խնդիրները բարձրացնում են նաև այնտեղ: Ըստ Արթուր Եղիազարյանի՝ չի կարելի ասել, որ Արցախում կատարվածն ուղղորդված էր, երևում էր, որ տեղային բնույթի շարժում է, որը կրում էր հայաստանյան փոփոխությունների շունչը. «Իրավիճակը մի փոքր տարբերվում է այստեղ տեղի ունեցած գործընթացներից: Խնդիր չէր դրվել իշխանափոխության, մարդիկ արդարության վերականգնման համար են բողոք բարձրացրել, որին շատ արագ արձագանքեցին նաև Արցախի իշխանությունները»:
Փաստելով, որ անգամ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը ելույթ ունեցավ, հնչեցրեց, որ լուրջ փոփոխություններ տեղի կունենան Արցախում, նշեց. «Նա հայտարարեց, եթե այդ փոփոխությունների արդյունքները ժողովրդին չգոհացնեն, անգամ պատրաստ եմ հրաժարականի: Այս աստիճան պատրաստակամություն դրսևորեցին Արցախի իշխանությունները»:
Պարոն Եղիազարյանն արձանագրեց՝ ցույցերի ժամանակ այս դժգոհությունը ոչ մի առնչություն չունի բանակի հետ. «ՊԲ-ն ոչ մի քայլ, գործողություն չի արել միջամտելու և իր բնականոն իրավասությունների սահմանում ծառայություն է իրականացրել Արցախի պաշտպանական դիրքերում»:
Հարցին՝ Արցախում բարձրացված դժգոհությունը կոնկրետ մի դեպքի՝ ԱԱԾ-ի և քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառո՞վ էին, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Եթե խորքային պատճառները չլինեին, չէր կարող մի դեպքը նման ցնցումներ առաջացնել: Սա նշանակում է, որ կուտակված խնդիրներ կան: ՀՀ-ից փոփոխությունների շունչը տեսնում են նաև Արցախում: Այս առիթը պատճառ դարձավ, որ խնդիրները վեր հանեն և փորձեն Արցախում ժողովրդավարական գործընթացներ իրականացնել: Արցախում ժողովրդավարական գործընթացները միշտ պայմանավորված էին վերևից՝ նաև իշխանության կողմից, ընտրական գործընթացներով: Բայց այս անգամ այլ էր. կան բազում խնդիրներ, որոնք կապված են Արցախի բյուջեի տնօրինման հետ. այս օրակարգը ծնվեց հենց ցույցից: Երբ նայում ենք Արայիկ Հարությունյանի ելույթը, տեսնում ենք, որ իշխանությունն էլ ընդունում է ժողովրդի բարձրացրած խնդիրները, տեսնում ենք, որ ժողովրդավարությունը ներքևից է պարտադրվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ