Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Շառոյան-Սարյան» ընկերությունը ներմուծողից դարձել է արտահանող՝ իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն ու համեմունքները մատակարարելով աշխարհի մի քանի շուկաներ։
«Հալեպն» արտահանման առաջին պատվերն ստացել է 2017-ին՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբ մասնակցելով Աստանայի «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին։ Իսկ 2018 թ. փետրվարին Ժնևում կազմակերպված գործարար համաժողովի արդյունքում արտահանման պայմանագիր է կնքել ֆրանսիական գործընկեր կազմակերպության հետ, շվեյցարական գործընկերոջ հետ բանակցություններն ընթացքի մեջ են։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գրանցման գործակալությունում (FDA) գրանցվելուց և Արտոնյալ առևտրային ռեժիմից (GSP) օգտվելու իրավունք ստանալուց հետո կանոնավոր արտահանումներ է սկսել դեպի Միացյալ Նահանգներ։
«Ընկերությունը նաև գրանցվել է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակում այս տարվա հունվարից գործարկված՝ ապրանքների ծագման ինքնահավաստագրման (REX) էլեկտրոնային համակարգում, որին նույնպես աջակցել ենք և ակնկալում ենք, որ հաջողությամբ կօգտվի պարզեցված եղանակով մինչև 6000 եվրո արժողությամբ ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից»,-նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Շատ կարևոր էր արտահանման հնարավորություն ստանալը և միջազգային շուկա դուրս գալը։ Հիմա «Հալեպ» ապրանքանիշով Հայաստանում արտադրված փախլավա, լոխում, նուգա, արևելյան այլ քաղցրավենիքներ, հայկական համեմունքներ ենք արտահանում արդեն 5 երկրներ, ինչը մեզ զարգանալու մեծ հնարավորություն է տալիս», – նշել է «Շառոյան-Սարյան» ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարյանը։
«Արտահանման պատվերների, բարձր որակի, աշխատանքի գրագետ կազմակերպման արդյունքում «Հալեպ» խանութների ցանցը նաև ընդլայնվում է, ներկայում խանութներ ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում, նախատեսվում է՝ Արցախում»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Մկրտչյանը։
Հանրային կապերի թիմ