Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարգե՞ւ, առողջություն եմ պարգեւում, գումար եմ պարգեւում». Առողջապահության նախարարը՝ ծխողներին

Հունիս 05,2018 15:22

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծխելու տուգանքներին: Լրագրողները հիշեցրին, որ մինչեւ նախարար դառնալը նա ասել էր, որ տուգանքները պետք է բարձրացնել, ոչ թե 5-10 հազար դրամի շրջանակներում թողնել: Նախարարն ասաց, որ ցանկացած տուգանք ընդամենը միջոց է խախտում չանելու. «Եթե մենք ունենք որոշում, որ հանրային վայրերում ծխելն արգելված է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ արգելքը չխախտվի: Եթե մենք ուզում ենք, որ այդ արգելքը խախտվի ու 5000 դրամը վճարեն, եկեք չարգելենք, թող բոլորը ծխեն ու պետք չի, որ արգելք լինի: Այսինքն, տուգանքը չպետք է լինի վճար՝ ինչ-որ ծառայությունից օգտվելու, այս դեպքում՝ ծխելու»:

Նախարարն ասաց, որ չպետք է տուգանքը լինի այնքան մատչելի, որ մարդը պարզապես մտնի հանրային վայր, 5000 դրամը վճարի ու հանգիստ ծխի:

Նախարարն ասաց, որ պետք է ոչ թե անձի վրա կենտրոնանան, ծխողի, այլ՝ հաստատությունների վրա, որովհետեւ հաստատությունը ինքը պիտի շահագրգռված լինի չխախտել:

Հարցին՝ իսկ չծխելը խրախուսելու համար ինչ-որ բան չե՞ք մտածում՝ Թորոսյանը պատասխանեց, որ նման միջոցառումներ մտածում են՝ սկսած մանկապարտեզներից:

Լրագրողներից մեկն էլ հարցրեց՝ ծխող մարդուն չծխելու համար ի՞նչ կարող եք պարգեւատրել՝ նախարարն արձագանքեց. «Պարգե՞ւ: Առողջություն եմ պարգեւում: Ուրի՞շ, ավելի շատ առողջություն, գումար եմ պարգեւում՝ սիգարետի վրա չծախսված: Հասուն մարդուն չծխող դարձնելը շատ ավելի դժվար է, քան փոքրուց դաստիարակելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930