Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ դեկանը` ֆեյսբուքյան գրառումների, կոռուպցիայի ու Տարոն Աճեմօղլուի մասին

Հունիս 05,2018 15:16

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը հունիսի 5-ին վերընտրվեց նույն ֆակուլտետի դեկան, մրցակիցը տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնից դոկտոր, պրոֆեսոր Միքայել Միքայելյանն էր: Վերջինս ինքնաառաջադրվել էր, իսկ Հայկ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվել էր ֆակուլտետի 4 ամբիոնների կողմից:

Գիտական խորհրդի 35 անդամներից 8-ը «կողմ» էր քվեարկել Միքայել Միքայելյանին, 27-ը` Հայկ Սարգսյանին:

Միքայել Միքայելյանը նշեց, որ իր կարծիքով, ֆակուլտետում դասավանդման որակի անկում կա, դասավանդվող առարկաների անփոփոխություն, ինչը նպաստում է ուսանողների թվի նվազմանը, ասաց նաեւ, որ պրակտիկ դասախոսությունների, գիտատեխնիկական բազան համալրելու կարիք կա:

Ի թիվս այլ հարցերի, նա առաջարկեց վերացնել քննությունը մագիստրատուրայում, իսկ ֆակուլտետում կոռուպցիան եւ հովանավորչությունը: Նա նաեւ հայտնեց, որ թեեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում գործի բերումով առնչվել է օլիգարխների հետ, սակայն կարողացել է պահպանել իր օբյեկտիվությունը:

Հայկ Սարգսյանը փաստարկներով հակադարձեց մրցակցին, նա թվարկելով ֆակուլտետի կառավարման ռազմավարական զարգացումները, նշեց հետեւյալ առաջնայնությունները` տնտեսագիտական կրթության որակի բարելավում, ուսումնական եւ սոցիալական օղակների հիմնում, ԵՊՀ կարիերայի կենտրոնի հետ համագործակցության ուղիով ֆակուլտետի շրջանավարտների ասոցիացիայի հիմնում, ֆինանսական լրացուցիչ հոսքերի ապահովում եւ այլն:

Ինչ վերաբերում է մերժելի երեւույթներին, Հայկ Սարգսյանը նշեց, որ իր համար տեսանելի են լուծումները: Ասաց, որ բուհում կոռուպցիա չկա, բայց չբացառեց հովանավորչության, դրամաշորթման եւ այլնի դեպքերը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, վերընտրված դեկանը նշեց, որ իր մրցակիցն իրեն չի շնորհավորել: Ապա հավելեց. «Երբ կարդում էի իր հարցազրույցներից մեկը, որտեղ ասում էր, թե իբր ֆակուլտետում արմատավորված է վախի, քծնանքի, ամենաթողության եւ այլ մթնոլորտ, սա վիրավորական է ողջ կոլեկտիվի համար, նման գնահատականները դատարկաբանություն են, անգամ բանսարկություն, եթե հասցեագրված չեն: Ես ակնկալում էի, որ ինքը մեկ-երկու նման փաստարկ բերեր»:

Նա Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումներին էլ անդրադարձավ, որտեղ վերջինս խոսել էր իր հնարավոր հաղթանակի մասին:

«Եթե իմ մրցակիցը ոգեւորություն էր ապրում, որ Ֆեյսբուքում 200-ից ավելի հավանումներ է ունեցել, ես էլ փաստեմ, որ իմ մասնագիտական հարցազրույցներից մեկը անցյալ տարի 180000-ից ավելի դիտումներ է ունեցել, թեման էլ երկրում սահմանադրականության մակարդակի բարձրացումն էր, որը երաշխիքն է զարգացման նոր ուղեծիր դուրս գալու…Ի դեպ, մենք հիմա ինտենսիվ գրագրության մեջ ենք Տարոն Աճեմօղլուի հետ, բացարձակ համագործակցության մեջ ենք, նա հետաքրքրված է մեր հետազոտություններով:

Ես ստացել եմ նրա ուղղորդող շատ հետաքրքիր գիտական ձեւակերպումները մեր երկրի տնտեսական զարգացման մասին, նկատառումները, ինքը մեզ չի դիտել որպես միայն դրսից օգնություն ակնկալողներ, նա հետաքրքրվել է մեր հետազոտություններով, մասնավորապես ԵՊՀ մեր ֆակուլտետի գիտավերլուծական կենտրոնի երաշխավորությունները, հրապարակումներ ամենատարբեր միջազգային գիտաժողովներում»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Հայտնեց նաեւ, որ բացասական երևույթներ նկատելիս` իրավապահ մարմինների չեն հրավիրում, հենց իրենք են ազատվում նման մարդկանցից:

«ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը համալսարանում տեսակարար մեծ կշիռ ունի ուսանողների թվաքանակով, դրա համար էլ շատ խնդիրներ այստեղ ավելի սուր են դրված: Երբ մեր երկրում համատարած կոռուպցիոն երեւույթների մասին են խոսում ու փորձում են կոռուպցիոն շղթաները բացահայտել, ես համամիտ չեմ, որ համալսարանի մասին էլ պետք է նույն չափանիշներով խոսել: Որովհետեւ կոռուպցիան բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումն է, իսկ համալսարանում, մասնավորապես մեր ֆակուլտետում չկա, այսպես կոչված՝ կրթության բիզնես, որտեղ կոռուպցիան կարող է լինել»,-հավելեց մեր զրուցակիցը

Նա նաեւ փաստեց, որ 3 անձ իր վերջին պաշտոնավարման ընթացքում թողել են ֆակուլտետը` համոզված լինելով, որ գործի քննման հետագա ընթացքը կարող է իրենց համար ունենալ վատ վերջաբան:

Հավելենք, որ Հայկ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչ արեցին նաեւ համալսարանականներ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամերիկահայ տնտեսագէտի անունը ՏԱՐՈՆ է, որն անգլերէն տառադարձւում է Daron. Մեսրոպատառ գրելիս ՄԻՄԻԱՅՆ ՏԱՐՈՆ:

  2. Artur Lazarian says:

    Յօդուածի հեղինակի անունով օրինակ բերեմ: Յիշո՞ւմ էք “Kohar symphony orchestra and choir”: Արեւմտահայերէնի պատճառով լատինատառ գրում ենք Kohar, բայց երբ մեսրոպատառ պիտի գրենք, դառնում է «ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նուագախումբ»: Չենք ասում չէ՞ ՔՈՀԱՐ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930