Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարն առաջարկում է հոգեկան անվտանգ հիվանդներին պահել տանը, դեղերը կստանան պոլիկլինիկաներից

Հունիս 05,2018 14:15

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար տրամադրվել է 2, 7 մլն դրամ եւ հիմնականում այդ գումարներն օգտագործվել են: Այն հիվանդները, որոնք բուժման կարիք չունեն, ուղղակի խնամքի կարիք ունեն, պե՞տք է առողջապահության հիմնարկներում լինեն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը հարցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Նախարարը պատասխանեց. «Հոգեկանը լուրջ է, գիտեմ, տեղյակ եմ՝ սկսած ՄԻՊ զեկույցից, վերջացրած հաստատություններ այցելությունից: Համարում եմ, որ հոգեկան առողջությունն էլ պետք է գնա ամբուլատոր սպասարկման: Օրինակ, նույն տուբերկուլյոզով հիվանդների դեղերի ընդունումը, երբ իրենք վարակիչ չեն, իրենք հիմնականում ապրում են իրենց տանը ու ստանում են իրենց դեղերը պոլիկլինիկաների հատուկ կաբինետներից: Այո, ստացիոնարում բոլորին պետք չի պահել, միայն սուր վիճակ ունեցողներին պետք է պահեն: Երբ որ իրենք վտանգավոր չեն հանրության համար, իրենք պետք է ապրեն իրենց ընտանիքներում: Այդ սիստեմը պետք է բեռնաթափվի: Դա իներցիայով է եկել, որ մեկուսացնենք, թաքցնենք, ոչ ոք չտեսնի: Այստեղ կա նաեւ խարանի հարց, երբ ինքը ճիշտ է, անվտանգ է, այց հարեւան, բարեկամ, բոլորը գիտեն, որ ինքը ունի հոգեկան խնդիրներ, վատ են վերաբերվում»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ բուժաշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնեն, որովհետեւ այն աշխատողները, որոնք պետք է հոգան մեր առողջության համար, իրենք սկի իրենց առողջության համար չեն կարող հոգալ: Ընդ որում, նախարարն ընդգծեց, որ բուժքույրերն են շատ անտեսված, նրանց վրա նույնպես պետք է ուշադրություն դարձվի:

Արսեն Թորոսյանը նաեւ ասաց, որ ընտանեկան բժշկության ինստիտուտը պետք է վերականգնվի, պոլիկլինիկաները այնքան էլ հակված չեն, որ ընտանեկան բժշկությունը զարգանա, հիմա պետք է նախարարությունը ծրագիր սկսի, որ ընտանեկան բժիշկներ պատրաստեն. «Ընտանեկան բժիշկները պետք է ինքնուրույն հավաքագրեն բնակչություն ու պետությունը պարտավորված կլինի հավաքագրած բնակչության դիմաց իրենց վճարել ու այդտեղ մրցակցություն կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930