Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության տեղը լինեի՝ ՏՄՊՊՀ-ն կլուծարեի». Վահագն Խաչատրյան

Հունիս 05,2018 14:14

«Ավելի խիստ պետք է լինել եւ լայնածավալ գործողություններ իրականացնել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ: Ցանկացած բնագավառում կոռուպցիոն գործընթացներ են եղել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից վերջերս սուպերմարկետներում բացահայտած հարկերից խուսափելու կոռուպցիոն սխեմաներին, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Պարզվեց, որ ոչ միայն գործարարների կողմից է դա կատարվում, այլեւ օրենքներում կոռուպցիոն ռիսկեր կան»,-համոզմունք հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ հաջորդ քայլը, որով պետք է կառավարությունը զբաղվի, փոքր բիզնեսն է. «Փոքր բիզնեսով զբաղվողները հիմա հայտնվել են ոչ միայն անհավասար պայմաններում, այլեւ զարմանալի է, որ կարողանում են գոյատեւել»:

Անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա հայտարարությանը՝ տնտեսագետն այն տարօրինակ որակեց. «Կառավարության տեղը լինեի՝ կլուծարեի այդ հանձնաժողովը: Դրա արդյունավետությունը չեմ տեսնում, միայն տարեկան 400 միլիոն դրամ իր ծախսերն է հոգում»:

Հիշեցնենք, որ ըստ ՏՄՊՊՀ-ի՝ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը, ինչի հետ համաձայն չէ տնտեսագետը:

Ինչ վերաբերում է փաստին, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո որոշ սուպերմարկետներ ժամանակավորապես բարձրացրին մի շարք պարենային ապրանքների գները, Վահագն Խաչատրյանը նկատեց. «Դա նշանակում է, որ մանրածախ գները ինչ-որ տեղից են սահմանվում: Անընդունելի է, որ սուպերմարկետները կարող են պետության եւ սպառողների հետ այդ լեզվով խոսել: Եթե երեք օր մենք այդ թանկացած միսն ու միրգը չառնեինք, ի՞նչ էին անելու: Այդ մարդիկ կայացել են որպես գործարար ոչ թե նրա շնորհիվ, որ խելամիտ են, այլ որ մոտ են կանգնած եղել քաղաքական ղեկավարությանը»:

Խաչատրյանն անդրադարձավ նաեւ նոր կառավարության ծրագրին. «Դրանում կան հաջողված եւ չհաջողված մասեր, բայց, ընդհանուր առմամբ, այն կարող է գործնականում կիրառելի լինել: Փաշինյանը հետ գնալու տեղ չունի: Եթե իր վրա է վերցրել կոռուպցիային վերջ դնելու առաքելությունը, պետք է մինչեւ վերջ գնա: Սպասումներն արդարացնելու միակ ձեւը կոռուպցիայի դեմ պայքարն է մինչեւ վերջ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930