Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը մտադիր է ուղղաթիռ գնել, մեկի տեղը՝ 2 հատ. «Զապասով ունենանք»

Հունիս 05,2018 13:47

Այսօր խորհրդարանում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ մարզերում բուժհաստատություններից հիվանդներին ուղղորդում են Երեւան՝ մասնավոր բուժհաստատություններ: Նա ասաց, որ սարքավորումների համար բյուջեից տրամադրվել է ընդամենը 10 մլն: Սա չի՞ հուշում, որ գտնում եք, թե մարզերում բուժհաստատությունները սարքավորումների կարիք չունեն:

Նախարարը պատասխանեց, որ պետական բյուջետային միջոցներից սարքավորումներ չեն գնում, այլ միջոցներից են գնում եւ շուտով մարզային որեւէ հիվանդանոց առանց տեխնիկական հագեցվածության չեն ունենալու: Նա ասաց, որ մարզային բուժհաստատությունները վերազինվում են, շուտով Եղեգնաձորում զրոյից նոր հիվանդանոց են կառուցելու, Մարտունիում եւ այլն. «Շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ Համաշխարհային բանկից են միջոցներ բերել, այլ աղբյուրներից, Երեւանի քաղաքապետարանը իր միջոցներից հիմա ձեռք է բերում նոր ռենտգեն սարքավորում՝ պոլիկլինիկայի համար, առողջապահության նախարարությունը չպետք է լինի բուժհաստատությունների սեփականատերը:

Իսկ մարզերից, ըստ նախարարի, ուղղորդում են այլ բուժհաստատություններ ոչ թե սարքավորումների պատճառով, այլ՝ մասնագետների բացակայության. «Մեզ քննադատում են, ասում են՝ դա աքսոր է, ոչ թե աշխատանքի ուղարկել: Ասում ենք՝ գնա Կապան աշխատի, նա տուն պիտի վարձի, 100 հազար դրամ ստանա»:

Նախարարը չբացառեց, որ «ատկատի» պահ էլ կա՝ մարզերից Երեւան ուղարկելու դեպքերի մեջ:

Ուշագրավ է, որ նախկին նախարարը միշտ խոսում էր գումարների սղությունից, իսկ Արսեն Թորոսյանի խոսքում բոլորովին նման դժգոհություն չնկատվեց, ավելին՝ նախարարն ասաց. «Անհասանելի վայրում, որտեղ պրոբլեմ կա, որ մարդիկ բուժհաստատություն դիմեն, ոչ թե հիվանդանոց են սարքում, այլ մի հատ ուղղաթիռ են առնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ ու մեկի տեղը երկու հատ, որ զապասով ունենանք»:

Նա ասաց, որ նույնիսկ լավ ճանապարհներով՝ դժվար է հասնել ավելի շուտ, քան ուղղաթիռը կբերի: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ ուղղաթիռ առնեք: Այն բոլոր գումարները, որ մենք ծախսում ենք որեւէ բուժման նպատակով, մենք պետք է այդ գումարները ծախսենք՝ չբուժելու նպատակով, չհիվանդանալու նպատակով: Մենք մայր օրենքում պետք է սկզբունք որդեգրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930