Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն ու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Աշոտ Մանուկյանը:
-Հրաժարականի դիմումներ ներկայացրել են, որը մարզպետի մոտ է գտնվում, բայց դեռեւս չի հաստատվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Այս պահին լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ական վարչության պետ Մինաս Սայադյանին կփոխարինի ԲՀԿ-ական, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Դավիթ Հակոբյանը. «Երբ որ մարզպետը կընդունի պարոն Սայադյանի դիմումը, աշխատանքից ազատումը կլինի, նոր օրենքով սահմանված կարգով կլինի նշանակում: Այս պահին որեւէ նշանակում չունենք: Ես չգիտեմ, թե ինչ անուններ են շրջանառվում, համենայն դեպս մեր կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի հաստիքն այս պահին թափուր է»,- տեղեկացրեց Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է փոխմարզպետների ազատմանն ու նորերի նշանակմանը, աշխատակազմի ղեկավարն ասաց, որ այդ մասով եւս ոչինչ չի փոխվել, դեռեւս որեւէ նոր նշանակում չկա. «Փոխմարզպետների մասով դեռեւս ոչինչ չկա, դա վարչապետի որոշումով է լինելու, մարզպետն ու մարզպետարանը կապ չունեն: Փոխմարզպետներին աշխատանքից ազատում եւ ընդունում է վարչապետը: Իսկ նշանակումը լինում է մարզպետի առաջարկությամբ, որը դեռեւս չկա»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ