Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը հերքում է, որ միայն իշխանական օլիգարխներին են թողել քիմիոթերապիայի դեղ ներկրել. «Մենաշնորհ չկա»

Հունիս 05,2018 12:57

«Չնայած պետպատվերի ցանկում ներառված է դարի հիվանդության բուժման մի մեծ հատվածը, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ դաշտը եւս մոնոպոլացված է: Քիմիոթերապիայի դեղեր իրավունք ունեն բերել միայն իշխանության բարձրագույն սանդղակին կցված օլիգարխները եւ այդ դեղերը վաճառվել են մի քանի անգամ ավելի թանկ, քան մեր տարածաշրջանի բոլոր երկրներում: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հիվանդները, իսկ ՀՀ-ում հիվանդության տոկոսը կատաստրոֆիկ բարձր է, բայց նախընտրում են գնալ Վրաստան, Իրան, ՌԴ, բայց ոչ երբեք մեր երկրում բուժվել, որովհետեւ կա խայտառակ որակ ու խայտառակ գնային քաղաքականություն», – այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին բողոքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ երբ ուզում են հիվանդները դեղերը իրենք բերել, ասում են՝ հնարավոր չէ, պետք է գնաք ու անպայման գնեք իքս օլիգարխի անձնական օգտագործման դեղատներից:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց օնկոլոգիայի կենտրոնից:

Նախարարը պատասխանեց, որ այն շենքը, որը սարքված է, կա, ունի շենք, սարքավորումներ, պարզապես ավարտված չէ, վերջին տարիներին այդ կենտրոնը ոնց սարքվել է, այդպես էլ մնացել է. «Այն, ինչ լուծարեցինք կառավարության նիստում, սրա հետ կապ չուներ, սրա շարունակությունը պիտի լիներ, որը թղթի վրա էր»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ կենտրոնի պոտենցիալ շահագործողների հետ բանակցություններ է սկսել. «Կա կնքված կոնցեսիոն պայմանագիր էքսկլյուզիվ, որը ենթակա է կատարման, քանի որ իրավական հետեւանքներ կլինեն, այդ մարդը, որը մեր հայրենակիցն է ԱՄՆ-ից, շահագրգռվածություն է հայտնել կենտրոնը վերցնել, շահագործել, բայց դա ուռուցքաբանության մասն է: Պատրաստվում ենք կառուցել ճառագայթային բուժման, նաեւ ստացիոնար մասնաշենքեր՝ վիրահատությունների մասով, բայց դա կլինի 3-4 տարի հետո: Այս մեկը հույս ունենք մինչեւ գարուն կկարողանանք գործարկել»:

Նախարարն ասաց, որ ինքը իր համար երկու գերակա ուղղություն է ընտրել աշխատանքի, մեկը առողջության առաջնային պահպանումն է, կանխարգելումը, մյուսը՝ ուռուցքաբանությունն է՝ թե՛ շուտ հայտնաբերման, թե՛ բուժման. «Դեղերի ոլորտում մենք ունենք երկու խնդիր: Նախ, զուգահեռ ներմուծումերի պրոբլեմ ենք ունեցել, երբ արտադրողից բացի մյուս ներկրողները փորձել են ներկրել ու չեն կարողացել: Դա չի վերաբերել միայն օնկոլոգիական դեղերին, մյուս դեղերի մասով էլ կա: Կառավարության որոշում կա, որը լավ չի գործել, հիմա նորն է շրջանառվում, երբ մենք փաստացի անվտանգության պայմանների առկայության դեպքում թույլ ենք տալիս ներկրել՝ արտադրողների կողմից սերտիֆիկացիա պետք է լինի, սերիա համարներ եւ այլն: Դա կբերի մենաշնորհների վերացմանը: Իրական մենաշնորհներ դեղի ոլորտում չեն եղել, չի եղել արգելքներ դեղի ներկրման՝ զուտ անձնավորված՝ անկախ մեր պատկերացումներից»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ ցանկացած ընկերություն ստացվում է, որ կարող է բերել ցանկացած դեղ, բայց մենք խնդիր ունենք չգրանցված դեղերի հետ կապված, երբ դեղերը ներկրվում են զարտուղի ճանապարհներով ու վաճառվում են հիվանդին՝ առանց վերահսկման: Այն դեղերը, որոնք մեզ պետք են ու արտադրողներին ձեռնտու չի գրանցել այդ դեղերը ՀՀ-ում, որովհետեւ փոքր շրջանառություն ունեք, պետությունը ինքը իր հաշվին կգրանցի, որ ներկրումը վերահսկելի լինի:

Նախարարն ասաց, որ մանկական օնկոլոգիական դեղերը պետք է պետությունը գնի, ոչ թե բժիշկը դիմի ծնողներին, թե այսինչ դեղը ճարեք, որ ձեր երեխաներին բուժենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930