«Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ նախորդ տարվանից մեծ աշխատանք է կատարվել: Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են, մեր դեսպանն այսօր էլ կարեւոր հանդիպում է ունենում այդ հարցով»,-ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք՝ վերջերս պարզվել էր, որ Չեխիան Սլովակիայի, ինչպես եւ Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին: Օրերս էլ հրապարակումներ եղան, թե Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հետամուտ չի եղել այս խնդրին:
Այդ առնչությամբ Տիգրան Բալայանը նշեց. «Փառք աստծո, որ կասկածելի համբավով մարդիկ այդ հանդիպումների մանրամասներին տեղյակ չեն, ուստի խորհուրդ չեմ տա տեղի տալ նրանց հայտարարություններին: Կարծում եմ՝ նրանք այդպես են վարվում իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով»:
Տիգրան Բալայանը հավելեց՝ Սլովակիայում ՀՀ դեսպանատանը վստահեցրել են, որ զենքի մատակարարման առնչությամբ քննություն է ընթանում. «Խնդիրն այն է, որ զինատեսակների օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի համար, սակայն օգտագործվում է բոլորովին այլ երկրում: Հուսով ենք՝ շուտով մեղավորները կպատժվեն»:
Բանախոսն անդրադարձավ նաեւ տեղեկություններին, թե Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից հայկական համայնքը դժգոհ է, որովհետեւ նա խոչընդոտել է հունահայերի՝ «Իմ քայլը» շարժմանը միանալու նախաձեռնություններին: «Հունաստանի հետ ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունենք, եւ դեսպանը կարեւոր օղակ է այդ գործում: ԱԳ նախարարի համար տհաճ է, որ աշխատանքային հարցերը կենցաղային մակարդակով են հնչեցվել: Նման հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով՝ առանց փոխադարձ վիրավորանքների»,-նկատեց Բալայանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ