Թեպետ կառավարությունը սկսել է հանրային ծառայությունների, մասնավորապես՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների նվազեցման շուրջ քննարկումները, այնուհանդերձ առաջին արձագանքները վկայում են, որ այդ առումով հասարակությանը հիասթափություն է սպասում։ Սակագների նվազեցման ներքին հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ընդհակառակը, կան բազմաթիվ ռիսկեր՝ դրանց թանկացման հետ կապված։
Իշխանափոխությունից հետո հանրությունն անհամբերությամբ սպասում է հանրային ծառայությունների սակագների նվազման։ Ժամանակին տալով նման խոստումներ՝ իշխանության եկած քաղաքական ուժերը՝ ի դեմս կառավարության, այժմ հայտնվել են ծանր կացության առջեւ։ Սակագների նվազեցման համար բավարար պայմաններ չկան։ Մինչդեռ չհիմնավորված եւ չկշռադատված քայլերը հղի են ծանր հետեւանքներով։
Խոսքը հատկապես էներգետիկ համակարգի մասին է, որը ոչ վաղ անցյալում արդեն մեկ անգամ հայտնվել էր նման կացության առաջ։ Կուտակված ֆինանսական պարտավորությունները սպառնում էին կաթվածահար անել ողջ համակարգը։ Լուրջ ջանքեր պահանջվեցին վիճակը քիչ թե շատ կարգի բերելու համար։ Թեեւ այդ ընթացքում չհաջողվեց խուսափել հասարակության իրավացի դժգոհությունից, ինչի հետեւանք էր նաեւ «Էլեկտրիկ Երեւան» շարժումը։
էներգակիրների սակագները ձեւավորվում են տարբեր գործոնների հանրագումարում։ Սակայն կան մի շարք առաջնահերթություններ, որոնք վճռական ազդեցություն ունեն սակագների վրա։
Էլեկտրաէներգիայի դեպքում դրանցից մեկն էլ վերաբերում է էներգաարտադրության հաշվեկշռին։ Խոսքը այն մասին է, թե ինչ էներգետիկ հզորությունների միջոցով պետք է ապահովվի պահանջարկը։ Այստեղ է, որ առաջանում են լուրջ խնդիրներ։
Ինչպես հայտնի է, Հայաստանի հիմնական էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանը՝ ի դեմս Մեծամորի ատոմակայանի, գտնվում է շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող տեխնիկական վերազինման եւ վերակառուցման գլխավոր փուլում։ Սկսվել է սարքավորումների փոխարինումը եւ տեղադրումը։ Այդ աշխատանքները, որոնք պիտի կատարվեն այս եւ հաջորդ տարի, ՀԱԷԿ-ի ամենամյա սովորական կանգառներից անհամեմատ երկար կտեւեն՝ 3–4 ամիս։
Դա նշանակում է, որ կայանը ավելի քիչ հոսանք կարտադրի։ Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի դերը էլեկտրաէներգիայի սպառողական սակագների ձեւավորման հարցում, այն զգալիորեն կմեծացնի ճնշումը դրանց վրա։ Առավել եւս, որ ատոմակայանի չարտադրած հոսանքը փոխարինվելու է քանիցս թանկ՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ բլոկի արտադրությամբ։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը՝ չվտանգելով էներգահամակարգի հուսալիությունն ու ֆինանսական կայունությունը:
Նամանավանդ դեռ հարց է, թե հաջորդ տարվա համար որքանով կհաջողվի պահպանել գազի ներքին սակագինը։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում