Հունիսի 13-ին ՀՀ կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Կայանալիք հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշտվում է, բովանդակության մասին առաջիկայում կտեղեկացնենք: Այլ ձեւաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում»,-հայտնեց նա:
«Համանախագահները չեն գալու «ֆեյսբուքում» «չեքին» լինեն ու գնան, բնականաբար՝ նպատակն Արցախյան հակամարտության կարգավորումն է»,-հավելեց Բալայանը:
Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կլինի ՀՀ նոր իշխանության եւ համանախագահների միջեւ առաջին փաստացի շփումը, որից հետո կգծագրվեն հետագա քայլերը:
Բալայանը նաեւ նշեց, որ այս պահին ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կամ Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստման մասին պայմանավորվածություններ չկան: Իսկ համանախագահների կողմից Արցախի հարցում նոր մոտեցումների մասին եւս տեղեկություններ չկան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ