Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի եւ ՀՀ-ի միջեւ խոշոր համաձայնագիր կկնքվի՞. ԱԳ խոսնակի պարզաբանումը

Հունիս 05,2018 13:01

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կարեւորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Վրաստան կատարած այցը եւ ՀՀ-Վրաստան հարաբերությունները որակեց որպես բարեկամական: «Փաշինյանի այցի վերաբերյալ վրացական եւ հայկական կողմերի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ կա պարզ տրամադրվածություն՝ անել առավելագույնը, որպեսզի ջերմ հարաբերությունները միջպետականի մակարդակի հասնեն»,-համոզմունք հայտնեց Տիգրան Բալայանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է երկու երկրների միջեւ ստորագրվի փաստաթուղթ, որը կբացառի երկուստեք ռազմական գործողությունների իրականացումը: Բալայանը պատասխանեց. «Այս պահին նոր խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ տեղեկություն չկա, բայց չի բացառվում, որ ապագայում կլինի: Թե ինչ փաստաթղթեր կնախապատրաստվեն, դա արդեն ժամանակի հարց է»:

Ապա լրագրողները հարցին, թե որքանո՞վ է տեսանելի Հարավային Օսիայով եւ Աբխազիայով հայկական բեռների փոխադրումը դեպի Ռուսաստան: «Այդ հարցում կանենք հնարավորը, որպեսզի օր առաջ ճանապարհների բացումը տեղի ունենա: Հասկանալի է, որ խնդիրներ կան, բայց այդ հարցում հստակ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն»,-եզրափակեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Վրաստանը Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումներ առնչությամբ դեռ համաձայնության չեն եկել (2017-ին Հարավային Օսիայի նախագահը հայտարարել էր, որ իրենց տարածքով կարող են ապահովել բեռնափոխադրումը Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների միջեւ):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930