2018 թվականի հունվար- ապրիլին ֆիզիկական անձին բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 492,8 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 70,6 մլն դոլարով կամ 16,7%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի բազաներից:
Սա նշանակում է, որ 2017 թվականից սկսած միտումը շարունակվում է, և դրամական փոխանցումների ներհոսքի ծավալն աստիճանաբար վերականգնվում է։ Հիշեցնենք, որ, եթե 2014 թվականին դրամական փոխանցումների ներհոսքն ավելի քան 2,1 մլրդ դոլար էր, ապա 2015-ին այն կտրուկ նվազեց՝ հասնելով 1,631 մլրդ դոլարի, իսկ 2016-ին հասավ 1,533 մլրդ դոլարի։ 2017 թվականին դրամական փոխանցումների ներհոսքը աճեց՝ կազմելով 1,757 մլրդ դոլար։ Իսկ եթե այս տարի աճի տեմպերը պահպանվեն, ապա ցուցանիշը կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը։
Դրամական փոխանցումների ներհոսքի մեծ մասը՝ շուրջ 270 մլն դոլար, եկել է Ռուսաստանից։ ԱՄՆ-ից Հայաստան ներհոսքի ծավալը եղել է 59 մլն դոլար։
Նույն ժամանակահատվածում՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին, դրամական փոխանցումների արտահոսքը (ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումները) կազմել է 314 մլն դոլար։ Արտահոսքը նույնպես աճել է, սակայն ավելի քիչ, քան ներհոսքը՝ 44.2 մլն դոլարով կամ 16.4%-ով։
Արդյունքում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2018-ի առաջին չորս ամիսներին կազմել է 178.8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 152.5 մլն դոլարի դիմաց։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում