Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության, Ընտրական օրենսգրքի, ՀՀԿ-ականների՝ քաղաքական հալածանքների ենթարկվելու եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
– Կա՞ն քաղաքական գործիչներ ՀՀԿ-ում, ովքեր քաղաքական հալածանքի են ենթարկվում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր, որ այդ հարցով իրեն դիմեն։
– Իսկ ինչ է՝ չգիտե՞ք, որ կան։ Ամբողջ խմբակցությունը քաղաքական հալածանքի է ենթարկվում, մայիսի 1-ին, մայիսի 8-ին..։ Եթե մարդուն թաղում են, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ, եթե սոցիալական ցանցերով հայհոյում են, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ, եթե կառավարության այսօրվա պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «Շարմազանով 42», ու գրում է՝ «հողը վրեդ թեթեւ լինի», դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ։ Եթե ԵՊՀ ռեկտորին հիվանդանոց են հասցնում, դա քաղաքական հալածա՞նք է, թե՞ չէ։
Ու այդ շարժման առաջնորդը չի խոսում դրա մասին, որոշ գործիչներ էլ ասում են՝ դա չի եղել։ Ես շատ ուրախ եմ, որ գոնե «Ելք» խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր համարձակություն են ունեցել, դուխ են ունեցել, որ զանգել են ու ներողություն են խնդրել։
Բայց ցավում եմ, որ այսօրվա վարչապետն այդ համարձակությունը չի ունեցել, որ զանգի ինձ, զանգի իր պատգամավոր գործընկերներին ու ներողություն խնդրի։ Իսկ ներողություն խնդրելը վատ բան չի։ Չի կարող որեւէ մեկն իր քվեարկության, իր կարծիքն արտահայտելու համար ոտնձգության ենթարկվի։ Ամբողջ Հանրապետական խմբակցությունը ենթարկվել է հոգեբանական բռնության։ Ե՛վ մայիսի 1-ին, ե՛ւ 8-ին, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ հետո ենթարկվել է դրան։ Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ճնշում։ Այդպես ասեմ, որ ավելի մեղմ, ավելի քաղաքական լինի։
– Հիմա այդ հարցով Դուք պատրաստվո՞ւմ եք դիմել իրավապահներին։
– Սա ավելի շատ քաղաքական էթիկայի, քաղաքական կոռեկտության, գործընկերային հարգանքի եւ դաստիարակության հարց է։ Ես ասել ու ասում եմ՝ դա ինձ վրա չի ազդում։ Ինչպես Փաշինյանն է ընդդիմությունում պայքարել, երկու այդքան էլ Շարմազանովն է պայքարել։
Շարմազանովն իր երկրին միայն ծառայել է։ Ո՛չ կոռուպցիայի մեջ եմ եղել, ո՛չ էլ անօրինականություն եմ արել։ Թող գլուխ գովի նա, ով 8 տարի ԱԺ փոխնախագահ է ու ոչ մի կոռուպցիայի թեմայի մեջ չկա։ Իմ ճակատը շատ պարզ է ե՛ւ իմ ընտանիքի, ե՛ւ իմ ընտրողների, ե՛ւ իմ հասարակության առջեւ։ Ես որեւէ անձի դեմ խնդիր չունեմ, կլինի Փաշինյան կամ այլ անձ։ Մեկը եթե Ֆեյսբուքով 2 հատ ավել քֆուր գրեց…կարծում եմ՝ շատերը հասկացան, թե դա ինչ է։ Ես ՀՀԿ մտել եմ Աշոտ Նավասարդյանի հորդորով եւ շարունակելու եմ գաղափարներն առաջ տանել։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում